ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

BBC-ն հայտնում է Ադրբեջանի նախագահի ընտրություններում լցոնումների և այլ խախտումների մասին
15:55 12.04.2018

BBC-ն հայտնում է Ադրբեջանի նախագահի ընտրություններում լցոնումների և այլ խախտումների մասին

BBC-ի ադրբեջանական ծառայության աշխատակիցները խախտումներ են արձանագրել ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում, որտեղ հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը: Նա իր պաշտոնավարման 15 տարում առաջին անգամ նախագահ է ընտրվել 7 տարով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ավելի վաղ իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել են նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումները, ավելացել է պաշտոնավարման տևողությունը: Ուստի հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025-ին:

Նրանք հայտնում են, որ ընտրատեղամասերի մի մասում դիտորդներ չեն եղել, իսկ տեսախցիկները գրանցել են քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ:

Ընտրատեղամասերից մեկում տոնական մոմեր են վառել, երաժշտություն միացրել, պարել ու սելֆի արել: Մեկ այլ տեղամասում դիտորդները նարդի են խաղացել, իսկ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը գործընկերների սեղանների վրայով ծիսական կրակով ափսե է տարել չար աչքից պաշտպանելու համար, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԵԱՀԿ դիտորդ Ռոլանդ Սքոթը հայտնել է, որ եղել է 5 տեղամասում և խախտումներ չի տեսել, իսկ Ադրբեջանի ԿԸՀ-ն հերքել է բոլոր հաղորդագրությունները խախտումների մասին՝ զրպարտություն համարելով:

Ընտրություններին մասնակցում էր 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում էր կանխորոշված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին: Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտել են ընտրությունները: Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

Լուսանկարը՝ Sputnik.az-ի

15:55 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները