ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանական ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները՝ մատնանշելով խախտումները
19:35 12.04.2018

Ադրբեջանական ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները՝ մատնանշելով խախտումները

Ադրբեջանի գործող նախագահ, «Նոր Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Իլհամ Ալիևն ապրիլի 11-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 86.03 տոկոսը՝ քվեաթերթիկների 99,9 տոկոսի հաշվարկի արդյունքներով: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:

«Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը ստացել է 3,02 տոկոս ձայն, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը՝ 3,11 տոկոս, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Ջալալօղլուն՝ 3,03 տոկոս ձայն, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիևը՝ 1,52 տոկոս ձայն, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն՝ 1,38 տոկոս ձայն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցության նախագահ Ֆարաջ Գուլիևը՝ 1,17 տոկոս ձայն, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը՝ 0,74 տոկոս ձայն:

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 3,962,123 ընտրող:

Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը և «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը նշել է, որ ընտրություններն անց են կացվել ազգային ընտրական օրենսդրության, միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ, հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակմամբ:

Նշվել է, որ երկրում ոչնչացվել են ընտրությունների ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ, և իրականում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը:

Ինչպես հայտարարել է «Մուսավաթ»-ը՝ արտահերթ ընտրությունները չեն եղել ազատ և արդար, և դրանց արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ազատ կամարտահայտումը: Կուսակցությունը կասկածի տակ է առել արտահերթ ընտրություններ հրավիրելու օրինականությունը և նշել է, որ ընտրություններն անց են կացվել հավաքների և մամուլի ազատության սահմանափակման և երկրում ավելի քան 150 քաղբանտարկյալի առկայության պայմաններում: Ինչպես նշել է կուսակցությունը՝ անգամ չնայած մասնակցության արհեստական բարձրացման վերաբերյալ կեղծիքներին՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ամենաշատը 20 տոկոսը:

Լուսանկարը՝ Azertag.az-ի

19:35 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները