ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Նախևառաջ անհրաժեշտ է ապահովել խաղաղ գործընթացի անդառնալիությունը». Մ. Մայիլյան
19:55 12.04.2018

«Նախևառաջ անհրաժեշտ է ապահովել խաղաղ գործընթացի անդառնալիությունը». Մ. Մայիլյան

Կառուցվածքավորված բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները պարզապես կարգավորման գործընթացը ձգձգելու հնարք են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին հենց ադրբեջանական կողմն էր հրաժարվել մեծ քաղաքական պայմանագրի շուրջ աշխատանքներից և առաջ քաշել կարգավորման սկզբունքների մշակման վերաբերյալ առաջարկ՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ, ԱՀ ԱԳ նախարարի խոսքով, Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել իր իսկ կողմից նախաձեռնած հակամարտության կարգավորման սկզբունքների քննարկումից և անցնել ինչ-որ կառուցվածքավորված բանակցությունների։

- Ներկայում ի՞նչ է անհրաժեշտ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինտենսիվ բանակցություններ սկսելու համար: Ադրբեջանական կողմը նշում է, որ իրենք դրան իբր պատրաստ են:

- Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված առարկայական բանակցությունների վերսկսման համար ներկա փուլում նախևառաջ անհրաժեշտ է ապահովել խաղաղ գործընթացի անդառնալիությունը։ Հնարավոր չէ քննարկել երկարաժամկետ խաղաղության պայմանները ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքի և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածության պայմաններում։ Խաղաղ գործընթացի անդառնալիության ապահովումը ենթադրում է երկու փոխլրացնող բաղադրիչների իրականացում. դրանք են՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը։ Այս երկու բաղադրիչները մեկտեղ ապահովելու են շփման գծում դիտարկման հնարավորությունների ավելացումը, ինչը թույլ կտա ոչ միայն բացահայտել կրակի դադարեցման ռեժիմը խախտողին, այլև կանխել հետագայում միջադեպերի կրկնությունը։ Միաժամանակ անհրաժեշտ է նաև ապահովել ԵԱՀԿ հովանու ներքո Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1995թ. փետրվարի 6-ին ձեռք բերված համաձայնագրի անշեղ իրականացումը։ Վերոնշյալ համաձայնագիրը պարունակում է ռազմական տեսանկյունից նշանակալի՝ ճգնաժամային իրավիճակների կայունացման միջոցառումների մի ամբողջ համալիր։

Միայն վերոնշյալ քայլերի իրագործումից հետո կարելի կլինի կենտրոնանալ հակամարտության վերջնական լուծման վերաբերյալ խաղաղ պայմանագրի քննարկման վրա։ Ինտենսիվ բանակցությունների պատրաստակամության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններն ամրապնդված չեն կոնկրետ գործողություններով։

Ընդհակառակը՝ Բաքուն չի կատարում շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և մերժում է միջնորդների նախաձեռնությունները՝ ուղղված բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Կառուցվածքավորված բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները պարզապես կարգավորման գործընթացը ձգձգելու հնարք են։ Տեղին է հիշատակել, որ ժամանակին հենց ադրբեջանական կողմն է հրաժարվել մեծ քաղաքական պայմանագրի շուրջ աշխատանքներից և առաջ քաշել կարգավորման սկզբունքների մշակման վերաբերյալ առաջարկ՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել իր իսկ կողմից նախաձեռնած՝ հակամարտության կարգավորման սկզբունքների քննարկումից և անցնել ինչ-որ կառուցվածքավորված բանակցությունների։

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք այստեղ:

Լուսանկարը՝ Aysor.am-ի

19:55 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները