ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ Պետդուման պատասխանում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին
19:35 13.04.2018

ՌԴ Պետդուման պատասխանում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել ԱՄՆ և այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի նախագիծ:

Փաստաթղթով առաջարկվում է արգելք կամ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանում աշխատող ԱՄՆ կամ այլ օտար պետությունների քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրորակ մասնագետների, բացի այդ՝ սահմանափակել ալկոհոլային և ծխախոտային, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի և դեղորայքի ներմուծումը Միացյալ Նահանգներից: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են նաև դադարեցնել միջազգային համագործակցությունը միջուկային արդյունաբերությունում, օդանավաշինության, հրթիռա-շարժիչային արդյունաբերության ոլորտներում, փոխանցել է Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը:

Փաստաթղթի քննարկումը նախատեսված է ապրիլի 16-ին:

Օրաթերթը հիշեցնում է, որ ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստանի 14 ընկերությունների և 24 քաղաքացիների՝ գործարարների և պաշտոնյաների, ցնցել է ռուսական շուկան՝ հանգեցնելով շուրջ 16 միլիարդ դոլարի կորստի:

Հատկանշական է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն այս անգամ կարող են կոնկրետ ու խիստ շոշափելի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ ընդլայնված այս պատժամիջոցները տարածվելու են նաև ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի վրա: Վերջինս «Ռուսալ» ընկերության սեփականատերն է:

«Ռուսալ»-ն էլ իր հերթին Հայաստանում գործող «Ռուսալ Արմենալ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է: Արդեն երկու օր է, ինչ «Ռուսալ»-ը հայտնվել է համաշխարհային տնտեսական նորությունների կիզակետում: Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում դադարեցվել են «Ռուսալ»-ի արտադրանքի՝ ալյումինի առևտրի գործարքները:

Այլ կերպ ասած՝ ալյումինի շուկայում գործող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ռուսալ»-ը, չի կարողանում իրացնել իր արտադրանքը: Սա խուճապ է առաջացրել շուկայում: «Ռուսալ»-ի բաժնետոմսերն էժանացել են կիսով չափ, իսկ Դերիպասկան հնարավոր է համարել «Ռուսալ»-ի մոտալուտ սնանկացումը:

Ռուսաստանի իշխանությունները, սակայն, խոստացել են աջակցել պատժամիջոցներից տուժած ընկերություններին:

Լուսանկարը՝ RBC.ua-ի

19:35 13.04.2018