Տնտեսական
Շվեյցարացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով
Ապրիլի 12-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացել է «Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները» խորագրով գործարար համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի (ԺԱԱՊ), ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ: Համաժողովին մասնակցում էին շուրջ 70 գործարարներ տարբեր երկրներից: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԺԱԱՊ գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:
Սուբիլիան նշեց, որ շվեյցարական գործարար համայնքը բավականին հետաքրքրված է Հայաստանով եւ հավելեց, որ ձեռնամուխ է լինելու դեպի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը:
Համաժողովի ընթացքում Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը շվեյցարացի, ֆրանսացի և այլ օտարերկրյա գործարարներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային դաշտը և գործարար միջավայրը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, ֆինանսաբանկային համակարգի, վերականգնվող էներգետիկայի, ոսկերչության և գինեգործության ոլորտների առանձնահատկություններն ու գրավչությունը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հայաստանյան գործարար պատվիրակության կազմում ընդգրկված էին բեռնափոխադրումների, ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, առողջապահության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, սննդարդյունաբերության և խորհրդատվական շուրջ 30 ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Որպես Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման երաշխիք, հայ – շվեյցարական գործարար համաժողովին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ժնև Կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարար շրջանակների համագործակցության ընդլայման առումով: Հուշագիրը ստորագրեցին Արսեն Ղազարյանը և Վինսենթ Սուբիլիան:
Միջոցառման ավարտին անցկացվեց հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես:
Նույն օրը, մինչ համաժողովը, կազմակերպվեց հայկական արտադրանքի ցուցադրություն, ինչպես նաև անցկացվեցին առանձին հանդիպումներ շվեյցարական գործարարների հետ` B2B ձևաչափով:
Հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ հայաստանյան ներգնա զբոսաշրջության, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով: Կազմակերպվեց նաև այցելություն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն, որտեղ, հաշվի առնելով ընկերության կողմից Հայաստանում ծավալված գործունեություն լայն շրջանակը, քննարկվեցին տնտեսության տարբեր հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։
Միջոցառման ընթացքում և առանձին հանդիպումների համար նախատեսված սրահներում Շվեյցարիայից և Ֆրանսիայից ժամանած գործարարները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի բիզնես հնարավորություների նկատմամբ: Համաժողովին մասնակցում էին շվեյցարական մի շարք ԶԼՄ ներկայացուցիչներ:
Լուսանկարը՝ MinEconomy.am-ի