ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ
18:55 17.04.2018

Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ

Ապրիլի կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:

Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիոն ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց:

Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ էր արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները:

Այսօր առավոտյան ընդդիմադիրները Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացնում, փողոցներ փակում: Չնայած ընդդիմադիրների ջանքերին՝ նիստը տեղի ունեցավ:

Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում քիչ առաջ հայտարարեց, որ «երկրում հեղափոխական վիճակ է»:

Լուսանկարը՝ Aysor.am-ի

18:55 17.04.2018

Ամենաշատ ընթերցվածները