ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մինսկը «Պոլոնեզ» համակարգեր է վաճառում Բաքվին
13:55 19.04.2018

Մինսկը «Պոլոնեզ» համակարգեր է վաճառում Բաքվին

ՀՀ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն արձագանքել են «Կոմերսանտ» պարբերականի տարածած տեղեկատվությանն առ այն, որ 2018 թվականին Բելառուսը մտադիր է 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարել Ադրբեջանին:

Հայկական կողմը ափսոսանք է հայտնում, որ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն չունեցող երկիրին՝ Ադրբեջանին, սպառազինությունների նման տեսակ է վաճառվում, ինչը որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ 2018 թվականին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակից Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը: Համակարգի հավանական պատվիրատուն համարվում է Ադրբեջանը. վերջինիս պաշտպանության նախարարն այցելել էր Բելառուս, որտեղ ծանոթացել էր համակարգերի արտադրման տեխնոլոգիաների հետ:

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ Հայաստանին հաջողվել է արգելափակել Բելառուսի տվյալ գործարքն Ադրբեջանի հետ: Այդ տեղեկատվությունը Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել էր ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը, որն էլ մինչ այդ շրջանառության մեջ էր դրել Բաքվին «Պոլոնեզների» վաճառքի լուրը: Կրակի վրա յուղ լցրեց նաև այն, որ ավելի վաղ Լուկաշենկոն Մինսկում Հասանովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով հիշյալ հրապարակմանը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարեց.«Մեր դիրքորոշումը Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հստակ է. այն փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ հրապարակմանը, ապա ԱԳՆ-ն սովորություն չունի մեկնաբանել անանուն աղբյուրների կողմից տրված տեղեկատվությունը»:

Հարցին՝ եթե տեղեկությունը հաստատվի, Հայաստանը մտադի՞ր է հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ում, որի գլխավոր քարտուղարը ՀՀ-ի ներկայացուցիչ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է, Բալայանն արձագանքել է․«Դիվանագիտությունը «եթե»-ների արվեստ չէ, այլ կոնկրետ փաստերի: Ես Ձեր առաջին հարցին պատասխանելիս ասացի, որ Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են և փոփոխություն չեն կրել»:

Ադրբեջանին սպառազինության նոր տեսակի վաճառքի լուրը մեկնաբանել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը հաստատեցին «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ հայկական կողմում այդ համաձայնագրի վերաբերյալ բացասական ընկալումների մասին ենթադրությունները:

«Կոմերսանտ»-ի աղբյուրները նկատել են, որ այդ համաձայնագիրը բացասաբար է ընկալվելու հայկական կողմից՝ նշելով, որ «Հայաստանում գտնվող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը կարող են զսպող դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերութուններում»:

«Անկախ նրանից, թե որ պետությունն է վաճառում Ադրբեջանին նման զինատեսակներ, սա հարուցում է մեր ափսոսանքը, քանի որ այդ համակարգերը հայտնվում են զինված ուժերի վրա քաղաքացիական վերահսկուղություն չունեցող պետության ձեռքում, ինչը ոչ մի կերպ չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ ամեն դեպքում 200 կմ հեռահարություն ունեցող Ադրբեջանում տեղակայվելիք հրթիռները չեն կարող այս իրավիճակում լրջորեն ազդել ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակի վրա, հայտնում է «Ազատություն»-ը:

Նշվում է, որ 301 միլիմետր տրամաչափ և 7.2 մետր երկարություն ունեցող հրթիռները կարող են արձակվել ընդամենը 50 վայրկյանի ընթացքում: Ինը նման համակարգերը բավարար են, որպեսզի 100 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքի վրա ոչնչացվեն հակառակորդի օբյեկտները:

Նման սպառազինություն, Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանը փորձել է գնել, գնել է, և փորձելու է գնել:

«Մենք սա հաշվի ենք առնում»,- նշել է նա ու հավելել, որ համակարգերի ձեռք բերումը Ադրբեջանի կողմից շփման գծում «ուղիղ իմաստով ոչ մի հետևանք» չի ունենա: Նա նաև հրաժարվել է պատասխանել հարցին՝ թե արդոյք Հայաստանն այս հարցը պետք է բարձրացնի ՀԱՊԿ-ում:

Մինչդեռ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով եթե վաճառքի մասին տեղեկությունը հաստատվի, Հայաստանը պետք է հարցը բարձրացանաի ՀԱՊԿ-ում․«Սա կարծես թե այդ Լապշինի դեպքի շարունակությունն է․․․ Ո՞նց կարելի էր նման երկրին վաճառել այսպիսի զենք: Ադրբեջանն այդ զենքը գնում է ոչ թե պաշտպանվելու համար, այլ հարձակվելու, սպանելու, կոտորելու համար: Սա արմատապես չի փոխելու իրավիճակը: Այնուամենայնիվ, բնական է, որ լարվածություն կարող է ստեղծել»:

«Հայկական ժամանակ»-ը նշում է, որ «Պոլոնեզ» համակարգերն Ադրբեջանում դիտարկվում էին որպես հակակշիռ ՀՀ-ում մարտական ծառայություն իրականացնող «Իսկանդեր» համակարգերին: Ադրբեջանը վերջին շրջանում, կարելի է ասել, «Իսկանդեր» համակարգերի քարոզչական հակակշիռների փնտրտուքի մեջ է: Մի ժամանակ որպես հակակշիռ դիրտարկվում էր իսրայելական «Երկաթե գմբեթ» զինատեսակը, մինչև վերջերս էլ խոսում էին «Պոլոնեզ»-ի մասին:

Մինչ  այս ռուսաստանցի փորձագետները կասկածում էին, որ Մինսկը կվաճառի Բաքվի համար այդքան կարևոր սպառազինության այդ տեսակները, քանի որ դրա «մաքուր» բելառուսական զենք չէ:

«Դրա վաճառքի հարցում Մինսկը պետք է հաշվի առնի երրորդ երկրի կարծիքը: Այդ երրորդ երկիրը Չինաստանն է, որի հրթիռներն են օգտագործվում այդ սպառազինության տեսակի կառուցման մեջ: Բելառուսն այդ համակարգը հավաքում է իր տարածքում, սակայն հրթիռը չինական է, ուստի վաճառքի հարցում պետք է լինի Չինաստանի համաձայնությունը»,- նշում էր ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

Թեպետ չկա գործարքի մասին պաշտոնական հաստատում, սակայն դրա վրա չինական կողմի վետո դնելու հեռանկարը կասկածելի է համարում հայաստանցի ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը:

«Չինաստանի գործոնը, իհարկե, կարևոր է, հատապես հաշվի առնելով վերջին շրջանում Պեկինի ու Երևանի միջև ռազմա-քաղաքական կապերի ակտիվացումը: Սակայն պետք է հասկանալ նաև, որ Բելառուսը շատ մեծ կարևորություն է ներկայացնում Չինաստանի համար՝ որպես հարթակ Արևելյան Եվրոպայում իր ազդեցության տարածման համար: Մյուս կողմից տեխնոլոգիաների տարածման հարցում Չինաստանն ԱՄՆ չէ, որը շատ զգայուն է երրորդ երկրներին իր տեխնոլոգիաների փոխանցման հարցում: Չինաստանը հետաքրքրված է իր տեխնոլոգիաների տարածման հարցում»,- նշել է օրաթերթի հետ զրույցում փորձագետը:

Լուսանկարը՝ TopWar.ru-ի

13:55 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները