ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը կհանդիպի ՀՀ նախագահին և վարչապետին
13:35 20.04.2018

Արամ Ա կաթողիկոսը կհանդիպի ՀՀ նախագահին և վարչապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան. նա Մայր Աթոռում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառն արդեն ժամանել է և ունի մի շարք հանդիպումներ, բայց ոչ հավաքի մասնակիցների հետ: Վեհափառը կհանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանին և նախագահ Արմեն Սարգսյանին»,- ասաց նա:

Այցը մեկօրյա է:

Հայաստան մեկնելուց առաջ Բեյրութի օդանավակայանում Արամ Ա-ն խոսել էր Երևանում տիրող իրավիճակի մասին:

«Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,- ասել էր նա՝ նշելով, որ անտարբեր չի Երևանի փողոցներում ընթացող իրադարձությունների նկատմամբ:

Լուսանկարը՝ PastInfo.am-ի

13:35 20.04.2018

Ամենաշատ ընթերցվածները