ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պատրաստ ենք քննարկել միայն Ս. Սարգսյանի հեռացման պայմանները. Փաշինյանը՝ երկխոսության մասին
18:55 21.04.2018

Պատրաստ ենք քննարկել միայն Ս. Սարգսյանի հեռացման պայմանները. Փաշինյանը՝ երկխոսության մասին

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի երկխոսություն սկսելու առաջարկին, ասել է.

«Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման պայմանները: Սա երկխոսություն չէ: Ես երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին լինի անցնցում»:

Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ կարող են անդառնալի կորուստներ լինել, Փաշինյանն ասել է.

«Ես էլ եմ կարծում, որ կարող են անդառնալի կորուստներ լինել, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Սա ուլտիմատում չէ, սա բխում է իրավիճակից: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը ուլտիմատում չէ՞»,- ասել է նա և շարունակել.

«Եթե Սերժ Սարգսյանը մտավախություն ունի իր ընտանիքի, երեխաների, թոռների անվտանգության հետ կապված, որ որևէ մեկը կարող է վատ վերաբերմունքի արժանանալ, որ Սերժ Սարգսյանի բարեկամն է, ապա ես երաշխավորում եմ, որ նման բան չի լինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և բացառել, որ Մարտի 1-ը կարող է կրկնվել:

«Ի տարբերություն Մարտի 1-ի՝ այսօր մեզ աջակցում է ամբողջ հայությունը, որը ամեն օր մեծանում է: Ես կոչ եմ անում հանրությանը, որ նամակներով, զանգերով ճնշեն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա զինվորական կամ ոստիկան, որ կարող է մեր վրա կրակել: Այս իրավիճակը մի համեմատեք որևէ իրավիճակի հետ: Որևէ եզր չկա 2008-ի, 2003-ի և մյուսների հետ: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պայքարում է իր արժանապատիվ ապագայի համար»,- ասել է նա, ում խոսքերը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իշխանության հետ շփվելու համար փակ չէ, բայց մինչև այդ պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հարցին, թե Սերժ Սարգսյանի ասած անդառնալի կորուստներ անվան տակ ի՞նչ կա թաքնված, Փաշինյանն ասել է.

«Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Նա չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես ԱԱԾ պետ Կուտոյանին ասում եմ, որ զեկուցի իրավիճակը Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի վերլուծական կենտրոններին եղբայրաբար խնդրում եմ, որ գնան խմբով Սերժ Սարգսյանին զեկուցեն ստեղծված իրավիճակը: Պետք է նրան ասել, որ նա ՀՀ-ում կորցրել է իշխանությունը և պետք չէ այդ կորսված իշխանության համար պայքարել՝ վտանգելով ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը: Սա վերջնագիր չէ, սա քաղաքական պայքար է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը՝ Armenpress.am-ի
18:55 21.04.2018