ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Մարտի 1-ից բոլորը եզրակացություն պետք է անեն». Կարեն Կարապետյան
13:35 23.04.2018

«Մարտի 1-ից բոլորը եզրակացություն պետք է անեն». Կարեն Կարապետյան

Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է ընդդիմադիր դաշտում հնչող կարծիքներին, թե վարչապետ Սերժ Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում վարչապետի կողմից մարտի 1-ի դեպքերի մասին հիշեցնելն այդ դեպքերի կրկնության սպառնալիք էր: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առաջին փոխվարչապետը շեշտել է, որ դա սպառնալիք չէր, այլ հիշեցում մեր պատմության մեջ դաժան և դառը օրերի մասին:

«Ես վստահ եմ, որ դրանից բոլորը պետք է եզրակացություն անեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշել է Կարապետյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներին՝ առաջին փոխվարչապետն ընդգծել է, որ բոլորը, այդ թվում՝ ինքն ակնկալում էին, որ այդ հանդիպումը կտա որոշակի տարբերակներ, որոշակի ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալիս:

«Բանակցությունը կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ»,- նշել է Կարապետյանը:

Նրա գնահատմամբ ակնհայտ է, որ կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը լուծում էր ցանկանում գտնել:

Լուսանկարը՝ Yerevan.Today-ի

13:35 23.04.2018

Ամենաշատ ընթերցվածները