ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է միջազգային լրատվամիջոցների հարցերին
11:35 25.04.2018

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է միջազգային լրատվամիջոցների հարցերին

Ապրիլի 24-ի երեկոյան ընթացել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը արտասահմանյան լրատվամիջոցների համար: Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը:

- Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը անհամեմատ շատ ավելի ձայներ է ստացել. ինչու՞ եք դուք փորձում կանխել այն կուսակցության կառավարումը, որն այդքան ձայն ունի:

- Նույն բանը նաև Սերժ Սարգսյանն էր ասում. ասում էր՝ 7 տոկոս ձայն ունեցող կուսակցությունը ինչպե՞ս կարող է որոշում կայացնել, բայց դուք ինքներդ տեսաք, թե ինչ կատարվեց: Ստացվում է՝ 90 տոկոսից ավելի շատ արդյունք բերեց 7 տոկոսը: Հանրապետական կուսակցության կառավարման ժամկետը Հայաստանում արդեն վերացել է, ու ցանկացած փորձ՝ վերականգնելու ՀՀԿ-ի այդ կառավարումը, անիմաստ է: Այս ղեկավարը ՀՀԿ կուսակցությունից չպետք է լինի:

- Դուք պատրա՞ստ եք դառնալ վարչապետ:

- Ես բազմիցս եմ ասել, որ եթե ժողովուրդը ինձ վստահի այդ պարտավորությունը, ես այն կստանձնեմ ու հավանական է, որ այդպես էլ կլինի. հիմա խոսքը մեր ներկայացրած ծրագրի երրորդ կետի մասին է, երբ լինելու են արդար, ժողովրդավարական ընտրություններ: Առաջին բանը, որ մենք անելու ենք՝ ընտրական գործընթացը փոխելն է, ու նաև կուսակցությունների մասին օրենքը. ընտրությունները լինելու են քաղաքական ազնիվ գործընթաց:

- Պարոն Փաշինյան, դուք իշխանություններից իրենց հեռանալու մասին երաշխավորություններ ունեցե՞լ եք:

- Այժմ Հանրապետական կուսակցության կառավարում չկա, մնացել է միայն ՀՀԿ-ի ստվերը, այդ պատճառով էլ ես իրենց երաշխավորության կարիքը չունեմ, այժմ մնացել է միայն ժողովրդի երաշխավորությունը ու հանրության ձայնը: Ես այսօր չեմ տեսնում Հայաստանում որևէ ուժ, որը կարող է դիմադրել ժողովրդի ուժին, ինձ որևէ անձից կամ կուսակցությունից որևէ երաշխավորություն պետք չէ: Այն մարդիկ, որոնք հավաքվել են Հանրապետության հրապարակում, Հայաստանի ուժն են ու իշխանությունը:

- Դուք հաջողությամբ առաջնորդել եք ժողովրդին, իսկ կկարողանա՞ք առաջնորդել կառավարությունը, ղեկավարել երկիրը, ինչպիսի՞ ժամկետներ կնշեք իշխանության փոխանցման համար:

- Այո, ես համոզված եմ, որ մենք կկարողանանք հաջողությամբ առաջնորդել մեր երկիրը դեպի ապագա, մենք վստահ ենք դրանում: Այսօր խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, իսկ առաջին քայլը արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, այսօր մեր թավշյա հեղափոխությունը մեծ թիմ ունի, մեծ պոտենցիալ ունի, բայց իհարկե մենք կներառենք մի քանի այլ գործիչների ևս այլ ուժերից, օրինակ՝ քաղաքացիական հասարակությունից:

- Իսկ որևէ քաղաքական ուժի՞ց:

- Այս պահին մենք բաց ենք ամեն տեսակ բանակցությունների համար ու լավ առաջարկի դեպքում կքննարկենք:

- Դուք ուզում եք, որ փողոցի պայքարը շարունակվի՞, մինչև կշարունակվեն ձեր բանակցություններն ու վերջնական արդյունքը ակնհայտ կլինի:

- Ոչ մի դադար չի լինի. վաղը մենք կրկին հանրահավաք ենք անցկացնելու Հանրապետության հրապարակում, մենք այս պահին կարող ենք 1 ժամում որևէ միջոցառում անցկացնել ժողովրդի հետ, մենք տիրապետում ենք իրավիճակին ու լիարժեք վստահություն ունենք:

- Ինչպիսի՞ն է Ռուսաստանի ու մյուս երկրների վերաբերմունքը այս շարժմանը:

- Մենք ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի հետ որևէ բանակցություն չենք ունեցել, բայց մենք իհարկե բաց ենք այդ բանակցությունների համար. ես ուզում եմ պնդել, որ չկա որևէ միջամտություն, ենթատեքստ, ուժ դրսից, որ խառնված լինի մեր շարժմանը: Մենք պատրաստ ենք խոսել Ռուսաստանի ու մյուս երկրների հետ հետագա բանակցությունների մասին, մյուս երկրների հետ ապագայի մասին, բայց սա մաքուր հայկական շարժում է, մեր նպատակն է՝ ծառայել միայն այս ժողովրդի շահերին, նաև կարևոր է հավելել՝ Արցախի շահերին: Նախկինում և այսօր մենք պաշտպանում ենք միայն Արցախի և Հայաստանի շահը:

- Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները որքանո՞վ են կարևոր, ինչպե՞ս եք տեսնում ՌԴ-ի հետ համագործակցությունը այս իրավիճակում:

- Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած հարաբեությունները շատ-շատ կարևոր են. չկա կասկած, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն եղբայրական պետություններ են, սակայն ամեն դեպքում կան մեր միջև խնդիրներ, բայց մեր խնդիրն է լուծել դրանք բանակցությունների միջոցով:

- Կարո՞ղ եք նշել այդ խնդիրներից:

- Խնդիրները կապված են Ռուսաստանում հայերի շահերի հետ, օրինակ՝ վարորդական իրավունքի հետ կապված խնդիրը. այս պարզունակ խնդիրն արդեն 1 տարի է՝ չի լուծվում, սա պարզ օրինակ է, հաջորդ օրինակը Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին է, որի պատճառով հայ-ադրբեջանական ուժային բալանսը խախտվել է: Կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, ընդամենը ժամանակ է պետք ու դրական տրամադրվածություն:

Մամլո ասուլիսի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Aysor.am-ի

11:35 25.04.2018

Ամենաշատ ընթերցվածները