ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Սկսում եմ խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ». Արմեն Սարգսյան
17:35 25.04.2018

«Սկսում եմ խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ». Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել և նշել, որ տեղյակ է այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին:

Արմեն Սարգսյանի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասված է.«Երեկ՝ Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսևորելով ազգային համերաշխության և միասնության օրինակ:

Այսօր նույնպես առավել քան երբևէ մենք պետք է լինենք միասնական և համախումբ:

Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել:

Այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջև երկխոսության մեկնարկը:

Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին:

Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են:

Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև:

Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:

Հուսով եմ՝ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»:

Օրաթերթը հիշեցրել է, որ ապրիլի 25-ին ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում շարունակվելու են խաղաղ անհնազանդության գործողությունները՝ ուղղված ՀՀԿ-ի իշխանության դեմ: Մինչ այդ հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները չեղարկվել են: 

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տևած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

Այնուհետև հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը: Այժմ ընդդիմությունն ու իշխանությունը բանակցելու են իշխանության անցնցում փոխանցման շուրջ:

Լուսանկարը՝ Hayastan24.com-ի
17:35 25.04.2018

Ամենաշատ ընթերցվածները