ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռոստոմյանը հրաժարական տվեց
18:55 25.04.2018

Ռոստոմյանը հրաժարական տվեց

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել: Այս մասին նա այսօր՝ ապրիլի 25-ին, հայտարարել է ֆեյսբուքի իր էջում: Նա նշել է, որ դուրս է գալիս փողոց՝ պայքարի, և նույն կոչն է անում իր գործընկերներին:

«Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։

Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատանվելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ այդ ելքը Հրապարակում է, ժողովրդի կողքին։

Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար»,- գրել է նա:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ միանում է համաժողովրդական շարժմանը և կանգնած է ժողովրդի կողքին:

Լուսանկարը՝ Armenpress.am-ի 
18:55 25.04.2018

Ամենաշատ ընթերցվածները