ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը
18:55 27.04.2018

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել և ԵՊՀ-ի ղեկավարությունից պահանջում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը: Արդեն բավականաչափ մեծ թվով ուսանողներ են թողել իրենց ստորագրությունները, նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է.

«1995 թվականին ԵՊՀ ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին հեռացրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսից: Համալսարանի ղեկավարության պատճառաբանությունը դասապրոցեսից բացակայություններն էին:

Այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայ մամուլի պատմության մեջ առանցքային դեր ունի, կասկած անգամ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակի լավագույն լրագրողներից է, իսկ վերջինիս հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն երկու տասնամյակ հայաստանյան ամենապահանջված լրագրերից մեկն է:

Եվ քանի որ միջազգային փորձում էլ առկա են դեպքեր, երբ համալսարանից հեռացված ուսանողին տարիներ անց բացառության կարգով հանձնում են դիպլոմ, մենք` ներքոստորագրյալներս, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից, վերջինիս միջնորդությամբ ԵՊՀ ղեկավարությունից խնդրում ու պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել Երևանի պետական համալսարանի դիպլոմ:

Մենք արժանի ենք համարում, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինի մեր ֆակուլտետի շրջանավարտ»:

«Հայկական ժամանակ»-ը հիշեցրել է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին՝ հաղորդավարուհի Գայանե Փայտյանն էր անդրադարձել դիպլոմի հարցին և առաջարկել, որ ԵՊՀ-ն 22 տարի անց վերադարձնի Փաշինյանի դիպլոմը: Վերջինս նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ Ժուռֆակ-ի վերջին կուրսից հեռացրել են սկզբունքայնության ու արդարամտության պատճառով տպագրված մի հոդվածի համար, որը դուր չի եկել այն ժամանակվա դեկան Գառնիկ Անանյանին:

Լուսանկարը՝ YSU.am-ի

18:55 27.04.2018

Ամենաշատ ընթերցվածները