ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թրամփն ուզում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպել Կորեաների սահմանին
15:15 01.05.2018

Թրամփն ուզում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպել Կորեաների սահմանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը կազմակերպել ապառազմականացված գոտում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին Փհանմունջոմ բնակավայրում: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ Twitter-ում նա որպես երկխոսության հնարավոր հարթակ հիշատակել էր այսպես կոչված «Խաղաղության տունը»:

Հետագայում լրագրողների հետ շփման ժամանակ Թրամփը հայտարարեց, որ «հրաշալի գաղափար» է համարում սահմանամերձ գոտու ընտրությունը որպես բանակցային վայր, քանի որ հաջողության դեպքում «մեծ տոնախմբությունը» տեղում կլինի, ոչ թե «երրորդ երկրում»: Ընդ որում՝ Սպիտակ տանը լրագրողներին նա ասել էր, որ որպես երրորդ երկիր դիտարկում է Սինգապուրը, գրում է Deutsche Welle-ն, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամերձ վայրում Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի միջկորեական հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Կորեական թերակղզում միջուկային զինաթափման մասին, ինչպես նաև պատերազմական վիճակի պաշտոնական վավերացման մասին:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

15:15 01.05.2018