ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թանկյանը, Էգոյանը և հայտնի այլ սփյուռքահայեր սատարում են ՀՀ խաղաղ բողոքներին
18:15 02.05.2018

Թանկյանը, Էգոյանը և հայտնի այլ սփյուռքահայեր սատարում են ՀՀ խաղաղ բողոքներին

System of A Down խմբի մենակատար, երգիչ և երգահան Սերժ Թանկյանը, հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը, ԱՄՆ-ում ճանաչված երգիծաբան Վահե Բերբերյանը և կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սերժ Թանկյանը:

«Այն, ինչի ականատեսն ենք վերջին երկու շաբաթում, Հայաստանում իրական ժողովրդավարական գործընթացի հաղթանակն է»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ցուցարարները ոչ միայն հասան վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականին, այլ նաև կարողացան «ՀՀ Ազգային Ժողովը վերածել հանրային համաժողովի» Հանրապետության հրապարակում մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստի հեռարձակման միջոցով:

«Պարզ էր, որ Նիկոլն այդ օրը վարչապետ չի ընտրվի, սակայն, մենք վստահ ենք, որ հանուն փոփոխությունների այդ շարժումը կշարունակվի, էլ ավելի մեծ թափ կստանա, երբ անցնենք այդքան անհրաժեշտ հանրային ընտրություններին: Հայաստանի երիտասարդներն ու քաղաքացիները միասնաբար վեր բարձրացրեցին խաղաղ բողոքների նշաձողն ամբողջ աշխարհում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նրանք կոչ են անում, որ ընտրությունները Հայաստանում կայանան որքան հնարավոր է շուտ:

«Խնդրում ենք՝ չտրվեք ցասումին ու հիասթափությանը, հավատարիմ մնացեք ձեր դրական դիրքորոշմանը: Հաղթողները չեն կորցնում սառնասրտությունը: Արդարությունը կհաղթանակի: Մենք ձեր հետ ենք»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թանկյանը գրել էր, որ շուտով Հայաստան է ժամանելու, որպեսզի միանա ՀՀ իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին:

«Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից»,- նշել էր նա։

Լուսանկարը՝ Hayeli.am-ի

18:15 02.05.2018

Ամենաշատ ընթերցվածները