Քաղաքական
«Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը». Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել:
«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է տեղում աշխատող տեխնիկան:
ԱՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունը ու մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը: Ինչպես միշտ՝ Արցախի զինված ուժերը շարունակում է հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»,- ասված է Հովհաննիսյանի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Armtimes.com-ի