ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վրաստանը և Ադրբեջանը սահմանային առևտրային անցակետ կկառուցեն
20:15 04.05.2018

Վրաստանը և Ադրբեջանը սահմանային առևտրային անցակետ կկառուցեն

Վրաստանը և Ադրբեջանը պատրաստվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ստեղծել առաջին համատեղ սահմանային անցակետը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մայիսի 3-6-ն անցկացվող Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 51-րդ ամենամյա հանդիպմանն իր ունեցած ելույթի ընթացքում, գրել է newsgeorgia.ge-ն, որին վկայակոչում է Tert.am-ը:

«Վրաստանն ամբողջությամբ աջակցում է Զարգացման ասիական բանկի կոնցեպտին, որը վերաբերում է առանց խոչընդոտների առևտրին: Հենց այդ տեսանկյունից Ադրբեջանի հետ մենք դիտարկում ենք առաջին համատեղ սահմանային անցակետի կառուցման հնարավորությունը»,- հայտարարել է Բախտաձեն: Ընդ որում՝ Նախարարը նոր նախագծի որևէ մանրամասնի վերաբերյալ չի խոսել:

Պաշտոնյան նշել է, որ նախաձեռնության շրջանակներում Վրաստանի իշխանությունների ջանքերը ծառայում են ամբողջ տարածաշրջանի՝  համաշխարհային տնտեսությանն ինտեգրմանը:

«Այսօր Վրաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ազատ առևտրի ռեժիմ ունի ինչպես Եվրամիության, այնպես էլ Չինաստանի հետ»,- ընդգծել է Նախարարը:

Չինաստանը 2013 թվականին հայտարարել է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին՝ ուղղված Եվրասիայի երկրների միջև ենթակառուցվածքների ստեղծմանը և փոխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը վերաբերում է Արևելքից Արևմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների մատակարարման համար առևտրային միջանցքի ստեղծմանը:

Լուսանկարը՝ DontStopLiving.net-ի

20:15 04.05.2018

Ամենաշատ ընթերցվածները