ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Էլ Կլասիկոն կկայանա մայիսի 6-ի երեկոյան
17:55 05.05.2018

Էլ Կլասիկոն կկայանա մայիսի 6-ի երեկոյան

Մրցաշարային առումով Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կայանալիք Սուպեր Կլասիկոն ոչինչ չի որոշելու: «Բարսելոնա»-ն անցած՝ 34-րդ, տուրում ապահովել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ «Ռեալ»-ն առավելագույնը կարող է պայքարել 2-րդ տեղի համար, բացի դրանից այս պահին նրա համար պակաս կարևոր չէ Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակիչը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ում կարդում ենք.

«Մայիսի 6-ի խաղն առաջին հերթին կարևոր հարցի պատասխան կտա. ի վերջո նրանցից ո՞ր մեկն է այս մրցաշրջանում ավելի ուժեղ: Տնային մրցաշարերում «Բարսան» չեմպիոն է դարձել, իսկ «Ռեալ»-ը ձախոխղվել է: Մյուս կողմից «Ռոմա»-ն կատալոնցիներին դուրս է թողել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից, իսկ «արքայական ակումբն» այդ մրցաշարի եզրափակչում է՝ 3-րդ տարին անընդմեջ գավաթը նվաճելու ճանապարհին:

Անցած օգոստոսին Իսպանիայի Սուպերգաբաթի եզրափակչում «Ռեալ»-ը 2 խաղերում ճնշեց «Բարսա»-ին: Առաջինում մրցակցի հարկի տակ հաղթեց 1:3, իսկ տանը՝ 2:0: Գավաթը նվաճեց առավելության հասնելով ընդհանուր 5:1 հաշվով: Լա լիգայում փայլելու հերթն արդեն «կապտանռնագույններինն» էր: 17-րդ տուրում Մադրիդում կատալոնցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Դեմ առ դեմ խաղում նրանք կփոձեն որոշել մրցաշրջանի ուժեղագույնին:

2 թիմերը տարբեր տրամադրություններով են մոտենում հանդիպմանը: «Բարսելոնա»-ն այս օրերին տոնում է կրկնակի հաջողությունը: Մինչև անցած հանգստյան օրերին երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճելը կատալոնցիները հաղթել էին Գավաթի խաղարկությունում: Ըստ էության՝ նրանց համար սա վերջին լուրջ քննությունն է, որի ընթացքում նախ պետք է ամեն ինչ անեն Լա լիգայի այս մրցաշրջանում անպարտելիության շարքը շարունակելու համար: Բացի այդ, պետք է փորձեն «Ռեալ»-ի դեմ հաղթանակ տանել սեփական հարկի տակ, ինչը չի հաջողվել 2015թ. մարտից:

«Բարսայի» կազմում խաղը հատուկ նշանակություն կունենա առանձին ֆուտբոլիստների համար: Ավագը՝ Անդրես Ինյեստան, տանը երկրպագուների առաջ վերջին անգամ խաղադաշտ դուրս կգա «Ռեալ»-ի դեմ: Նա արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է: Լիոնել Մեսսին էլ կփորձի ամրապնդել դիրքերը մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչման ու «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում: Ազգային առաջնությունում 32 գոլով առաջինն է: 8-ով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող Կրիշտիանու Ռոնալդուին: «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում էլ 1 գոլով առաջ է անցել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահից:

«Ռեալ»-ն իր հերթին պետք է ապացուցի, որ մրցաշարային աղյուսակում հավերժ մրցակցի 15 միավորի առավելությունը դեռ չի նշանակում, որ «Բարսելոնա»-ն իսկապես այդքան ուժեղ է իրենցից: «Արքայական ակումբի» համար սա նաև առաջին շրջանում տանը 0:3 հաշվով կրած պարտության համար վրեժ լուծելու հիանալի հնարավորություն է: Չէ՞ որ հենց այդ խաղից հետո Զինեդին Զիդանի թիմը հայտնվեց ճգնաժամի մեջ և ծայրահեղ բարդացրեց չեմպիոնության համար պայքարելու գործը:

Եթե «Բարսելոնա»-ի համար այս խաղից հետո մրցաշրջանը կարելի է ավարտված համարել, ապա «Ռեալ»-ը մտքում ունի տարվա կարևորագույն հանդիպումը՝ մայիսի 26-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի՝ «Լիվերպուլ»-ի դեմ եզրափակիչը: Այդ տիտղոսը մրցաշրջանում վերջնական տապալումից խուսափելու միակ հնարավորությունն է, և Զիդանը դեռ պետք է որոշի՝ արդյոք արժե ապահովության համար հանգիստ տալ որոշ առաջատարների, թե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է խաղադաշտ դուրս գալ հնարավորինս մարտական կազմով:

Ամեն դեպքում, եթե, ինչպես գրում են կատալոնական լրատվամիջոցները, Էռնեստո Վալվերդեն խաղալու է հիմնական կազմով, «Ռեալ»-ն առնվազն պաշտպանությունում խնդիրներ ունենալու է: Դանիել Կարվախալը դեռ ապաքինվում է, իսկ Ռաֆայել Վարանը չի մասնակցել թիմի վերջին մարզումներին: Ցանկացած պարագայում Զիդանը և երկրպագուները ֆուտբոլիստներից առավելագույնն են պահանջելու, նախ որովհետև անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չի կարող փոքրացնել Կլասիկոյի նշանակությունը, բացի այդ, նույն այդ եզրափակչից առաջ թիմին դրական լիցքեր են պետք:

Թե որքան մեծ է Կլասիկոների նշանակությունը, փաստում է այն, որ ամեն անգամ դրանցից առաջ թիմերի, նրանց երկրպագուների, նրանց սատարող իսպանական լրատվամիջոցների միջեւ լարվածություն է ստեղծվում: Այս անգամ այդ լարվածությունը կապված է չեմպիոնական միջազնցքի հետ: «Բարսան» հանդիպմանը մոտենում է որպես մրցաշարի չեմպիոն, եւ նրա երկրպագուներն ակնկալում էին, որ կիրակի օրն իրենց ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան չեմպիոնական միջանցքով: Զիդանը, սակայն, այս հարցում կտրուկ որոշում է կայացրել. ոչ մի միջանցք:

Թեև ժամանակին «Բասրան» «Ռեալ»-ի համար չեմպիոնական միջանցք կազմել է, Զիդանը դեմ է, որ նույնն անեն իր ֆուտբոլիստները, և բացատրում է նրանով, որ, երբ իր իրենք անցած տարվա վերջին նվաճեցին աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը, «Բարսան» դա չարեց: Կատալոնցիներն էլ իրենց քայլը պատճառաբանում են, որ այդ մրցաշարին իրենք չեն մասնակցել: Ամեն դեպքում Զիդանը չի պատրաստվում փոխել որոշումը:

Ինչ էլ, որ լինի, սպասվում է հետաքրքիր ու լարված պայքար: Այս դիմակայությունում կողմերից եւ ոչ մեկի ֆուտբոլիստները երբեք չեն խնայում ուժերն ու փորձում են առավելագույնը քաղել: 35-րդ տուրից առաջ արդեն չեպիոն «Բարսելոնա»-ն ունի 86 միավոր: «Ռեալ»-ը 3-րդն է 71 միավորով ու 2-րդ տեղում ընթացող «Ատլետիկո»-ից հետ է մնում 4 միավորով:

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը մայիսի 6-ին կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22:45-ին: Կցուցադրվի ATV-ի եթերում:

Լուսանկարը՝ SuperSport.com-ի 
17:55 05.05.2018

Ամենաշատ ընթերցվածները