ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Այսօր կեսօրին կկայանա Պուտինի թվով 4-րդ երդմնակալությունը
13:35 07.05.2018

Այսօր կեսօրին կկայանա Պուտինի թվով 4-րդ երդմնակալությունը

Վլադիմիր Պուտինը, ով նախագահական ընտրությունների արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ կրկին ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ, այսօր՝ մայիսի 7-ին, պաշտոնապես կստանձնի երկրի ղեկավարումը: Երդմնակալության արարողությունը նրա համար կդառնա 4-րդը քաղաքական կարիերայի ընթացքում, ինչի շնորհիվ երկիրը նա կղեկավարի հաջորդող 6 տարին: 

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ նախագահ դարձավ 2000 թվականին, 2004-ին վերընտրվեց այդ պաշտոնում: Չմասնակցեց 2008 թվականի նախագահական ընտրություններին, քանի որ, սահմանադրության համաձայն, նույն մարդը չի կարող 3 անգամ շարունակ ընտրվել նախագահի պաշտոնում: Հենց այդ տարի, ՌԴ նախագահի պաշտոնի համար աջակցելով այժմյան վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը, 2008-ի մայիսին ինքը Պուտինը դարձավ երկրի վարչապետ՝ ըստ երևույթին անցնելով կուլիսային կառավարման: Հենց նույն տարի սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով նախագահն արդեն ընտրվելու էր ոչ թե 4, այլ 6 տարի ժամկետով:

Վլադիմիր Պուտինը կրկին ստանձնեց երկրի կառավարման ղեկը 2012 թվականին, իսկ այս տարի՝ 2018-ին, հաղթեց ընտրություններում ռեկորդային ցուցանիշներով. նրա օգտին քվեարկել էին 56,4 միլիոն ընտրական իրավունք ունեցող մարդիկ: 

Այսօրվա երդմնակալության արարողությունը կդառնա թվով յոթերորդը ժամանակակից ռուսական պետության պատմության մեջ՝ Մեծ Կրեմլյան պալատում:

Արարողությունը կմեկնարկի կեսօրին ու կտևի գրեթե 1 ժամ, հիմնական արարողության համար նախատեսված է 50 րոպե:

Երդմնակալության արարողությունից հետո, ստանձնելով երկրի կառավարումը, նոր նախագահը Պետդումային է ներկայացնելու երկրի վարչապետի թեկնածուին:

Երդմնակալության արարողությունը, «ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն, անցկացվում է ԿԸՀ-ի կողմից ընտրությունների պաշտոնական արդյունքների վերջնական հրապարակումից հետո՝ 30-րդ օրը: Հենց արարողության ընթացքը օրենքով նախատեսված չէ, կարող են լրացուցիչ միջոցառումներ ներառվել կամ անցկացվել նախորդների նման: Բուն արարողակարգն առաջին անգամ մշակվել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի երդմնակալության համար, այդ տարիներից ի վեր զգալի փոփոխություններ չկան, փոխվում է միայն վայրը: 

Օրաթերթը շարունակում է նշել, որ արարողությանը պարտադիր կերպով մասնակցում են կառավարության անդամները, Դումայի ու Դաշնային խորհրդի պատգամավորները, նախագահի ադմինիստրացիայի ղեկավարները, Սահմանադրական դատարանի դատավորները, դիվանագիտական կորպուսը, հոգևոր առաջնորդը: Այսօր առաջին անգամ Պուտինը նախագահի լիազորություններն է ստանձնելու է առանց առաջին կնոջ ուղեկցության, Լյուդմիլա Պուտինայի հետ նա բաժանվել է 2012-ի երդմնակալությունից հետո՝ 2013 թվականին: Ռուսաստանն այսօր չունի առաջին տիկին:

Կեսօրից քիչ անց պետական խորհրդանշանները հատուկ ուղեկցությամբ կտարվեն Կրեմլի պալատ, խորհրդանշաններից մեկը կտեղադրվի նախագահի աջ, մյուսը՝ ձախ կողմում:

Ընտրված նախագահը Կրեմլյան պալատ է ժամանում արարողությունից 5 րոպե առաջ՝ հնչող առաջին զարկերի հետ, պաշտոնական երաժշտության տակ նա անցնում է Գեորգևսի, Ալեքսանդրովսկի սրահներով ու  բարձրանում դեպի հարթակ:

ՍԴ ներկայացուցիչը երկրի ղեկավարին խնդրում է ընդունել երդում, որից հետո նախագահի թեկնածուն, աջ ձեռքը դնելով երկրի Սահմանադրության մայր օրինակին, արտաբերում է հատուկ տեքստը, ինչից հետո համարվում է արդեն երկրի փաստացի ղեկավարը:

Արարողության դրես-կոդը պահանջում է միայն սև կոստյումներ՝ տղամարդկանց, հատուկ երկարությամբ կիսաշրջազգեստներ՝ կանանց համար, ներկա զինվորականները պարտադիր կրում են համազգեստը՝ բոլոր ստացված մեդալներով:

Այսօր սահմանափակվել է Մոսկվայի հիմնական փողոցների երթևեկությունը, դեպի Կրեմլյան պալատ տանող փողոցը՝ փակվել:

Երդմնակալությունը կարող եք ուղիղ եթերով դիտել այստեղ:

Լուսանկարը՝ 24tv.ua-ի

13:35 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները