ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Լիբանանում 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան
16:15 07.05.2018

Լիբանանում 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան

Մայիսի 6-ին Լիբանանում անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան, այս մասին տեղեկացրել է Բեյրութի հայկական պարբերականներից «Ազդակ»-ը, որին վկայակոչում է Tert.am-ը։

Բոլոր 4 թեկնածուներն առաջադրվել էին Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունից. նրանցից Հակոբ Բագրատունին, Ալեքսանդր Մաթոսյանն ու Հակոբ Թերզյանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բավարար ձայներ։ Սերժ Չուխատարյանը չի անցել խորհրդարան։

Երեկոյան ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հակոբ Բագրատունին շեշտել է, որ իրենց կուսակցությունը գոհ է արդյունքներից։

Աղբյուրը նշել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ մթնոլորտում՝ բացառությամբ որոշ շրջանների, որտեղ գրանցվել են անվտանգության հետ կապված խախտումներ։
 
Նախքան քվեարկության ավարտը քաղաքական որոշ ուժեր առաջարկել են ևս երկու ժամով երկարաձգել քվեարկությունը, ինչը, սակայն, հնարավոր չի եղել։

Ըստ «Ազդակի»-ի՝ ընտրական գործընթացի վրա էապես ազդել է ընտրակաշառքը կամ քաղաքական նպատակներով գումարների բաժանումը։

Լրատվակայքն ավելացնում է, որ Լիբանանի խորհրդարանում առկա 128 պատգամավորական տեղի համար մրցել է ընտրություններում գրանցված 976 պատգամավորի թեկնածու։

Լուսանկարը՝ AzdakDaily.com-ի

16:15 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները