ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին» առնչվող հարցեր
18:35 07.05.2018

Քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին» առնչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան ժամանած Շեյխ Համադ Ջասիմ Բին Ջաբեր Ալ-Թանի անձնական գրասենյակի պատվիրակությանը` գործարար Սաիֆ-ուր-Ռեհման Խանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև գործընկեր կազմակերպության` Power of China-ի նախագահ Սոն Դոնգշենգը։

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» և ճանապարհաշինական այլ նախագծերի իրականացման ընթացքում հնարավոր համագործակցության ուղիները։ 
 
Օգտվելով այն փաստից, որ Power of China կազմակերպության ղեկավարը ևս ներկա է, Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում ընթացող շինարարական աշխատանքներին։ Այն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, որն ընդգրկված է Power of China կազմակերպության կազմում։
 
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վերոնշյալ հատվածներում դեռևս աշխատանքների մեկնարկից թե՛ ժամկետների, թե՛ որակի լուրջ խախտումներ էին արձանագրվել։
 
Նա նշեց նաև, որ բազմիցս խոսել է այդ մասին «Սինոհիդրո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարների, «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահի հետ, արդյունքում բավական թերացումներ շտկվել են, բայց աշխատանքի կազմակերպման ձևը դեռևս գոհացուցիչ չէ։
 
Հայաստանում ընկերությունը ներկայացնող ղեկավարությունը դժվարանում է միջազգային նախագծի չափանիշներին համապատասխան աշխատանք կատարել, այդ թվում նաև` փաստաթղթային ձևակերպումների առումով։
 
Power of China կազմակերպության նախագահը լսեց մտահոգությունները և խոստացավ անդրադառնալ բարձրացված բոլոր խնդիրներին։ Նա ասաց, որ իրենք մեծապես շահագրգռված են այս ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնել։
 
Վահան Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ Հյուսիս-հարավ միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի և չափազանց կարևոր է այն օր առաջ և որակով իրագործել։ 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
18:35 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները