ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

26 տարի առաջ այս օրն ազատագրվեց Շուշին
13:15 08.05.2018

26 տարի առաջ այս օրն ազատագրվեց Շուշին

Այսօր լրանում է Շուշիի ազատագրման 26 տարին:

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին, և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

1992թ. մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի՝ Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ։

Մայիսի 8-ին՝ այդ նույն հայտարարության ստորագրման օրը, հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը։

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: 

Հատկանշանական է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Արցախյան ազատամարտի լավագույն դեմքերից Ժիրայր Սէֆիլյանն այսօր ազատազրկված է. 2018 թվականի մարտի 20-ին նա դատապարտվեց 10 տարի և 5 ամիս ազատազրկման:

Լուսանկարը՝ Zham.am-ի

13:15 08.05.2018

Ամենաշատ ընթերցվածները