ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ, տաղանդավոր մարդ է․ Արմեն Սարգսյան
15:55 08.05.2018

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ, տաղանդավոր մարդ է․ Արմեն Սարգսյան

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հեշտ կլինի արդյոք «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը, եթե նա ընտրվի վարչապետի պաշտոնում։ Նախագահի խոսքերն է փոխանցում «Հայկական ժամանակ»-ը:

«Դե եթե ես կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում․․․Երևի կկարողանամ, ոչ միայն կկարողանամ, բայց և կաշխատեմ նրա հետ։ Նա երիտասարդ, իսկապես տաղանդավոր մարդ է։ Բայց դա մի որակ է։ Ինչպիսի վարչապետ նա կլինի՝ ժամանակը ցույց կտա։

Իմ դերը կլինի, հաշվի առնելով իմ կյանքի փորձը և իմ սկզբունքները կյանքում, եթե նա ցանկանա, նրան խորհուրդներ տալը, որը ինձ համար առաջնային է, ինչպես միշտ է եղել, դա օրենք է, օրինականություն և կառույց։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը անցնի կառույցը կամ օրենքը, կտեսնի իմ պատը»,- ասել է Սարգսյանը։  

Մայիսի 8-ին Փաշինյանի ընտրման հեռանկարների մասին խոսելով՝ Սարգսյանը նշել է, որ կանխատեսելը բարդ է, քանի որ բոլորս էլ մարդ ենք և բոլորիս վրա Աստծո կամքն է։ Սակայն նա նշել է, որ մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանը նոր վարչապետ կընտրի, կունենանք նոր կառավարություն։

«Եվ նոր կառավարությունը հենց առաջին իսկ օրը կբախվի իրական կյանքին։

Մի բան է մատնանշել սխալները, թերությունները, խնդիրները, մեկ այլ բան է, երբ հնարավորություն են տալիս դրանք լուծել։ Միշտ ավելի հեշտ է մատնանշել, քան կառուցողական գործել։ Կարծում եմ՝ որքան մոտ են Փաշինյանն ու նրա համակիրները իշխանությանը, այնքան իրատեսական նրանք պետք է լինեն։ Ես չեմ ցանկանում կանխատեսել նրա տնտեսական կամ մյուս քաղաքականությունը, բայց վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանք չեն ազդի։ Որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ խորը կապերով»,- նշել է նա։

Լուսանկարը՝ Armenpress.am-ի 
15:55 08.05.2018

Ամենաշատ ընթերցվածները