ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի նախագահին
12:15 10.05.2018

«Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի նախագահին

Մայիսի 9-ին Արցախի կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: Արցախի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի Արցախի և Հայաստանի հզորացման փոխկապակցված գործընթացը:

«Այսօր մենք հնարավորություն ունեցանք ձեզ հետ խոսելու մեր տնտեսության մասին: Համոզմունք հայտնեցինք, որ այսուհետ ևս մեր ջանքերն ուղղվելու են Հայաստանի ու Արցախի հզորացմանը»,- ասել է նա:

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին կարևորել է Արցախյան հիմնախնդրի բանակցություններում Արցախի նախագահին ներգրավելու գործընթացի սկսումը:

«Ես շատ կարևոր եմ համարում, որ վարչապետի կարգավիճակով իմ առաջին այցը հենց Արցախի Հանրապետություն է, որովհետև Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերություններն ունեն առաջնային նշանակություն: Ես եկել եմ երկու հետևյալ ուղերձով: Առաջինը՝ լիարժեք և անվերապահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությանը և նրա նախագահին: Երկրորդը՝ ես շատ կարևոր եմ համարում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Ես նույնիսկ կհամարձակվեմ պնդել, որ պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչև այսօր ցանկալի արդյունք չեն տվել, նաև դա է, որովհետև դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք՝ կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Iravaban.net-ի

12:15 10.05.2018

Ամենաշատ ընթերցվածները