ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ազգային ժողովը հավանություն տվեց Փաշինյանի կառավարության ծրագրին
18:51 07.06.2018

Ազգային ժողովը հավանություն տվեց Փաշինյանի կառավարության ծրագրին

ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

Նախքան արտահերթ նիստը՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում մեծամասնություն (58 պատգամավորական մանդատ) ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցության վեց պատգամավոր (Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը) հայտարարել էին ՀՀԿ ԱԺ խմբակցությունից դուրս գալու մասին: Այդպիսով, 105 պատգամավորական տեղ ունեցող Ազգային ժողովում ՀՀԿ-ն կորցրել է մեծամասնությունը: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու կառավարության ծրագրի քվեարկությանը:

Ավելի քան մեկ ամիս շարունակվող ցույցերից հետո՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել էր նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել էր իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ: Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: 

18:51 07.06.2018

Ամենաշատ ընթերցվածները