ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Եվրամիությունը դեմ է արտահայտվել Թուրքիա-Հունաստան համաձայնագրի դադարեցմանը
18:36 09.06.2018

Եվրամիությունը դեմ է արտահայտվել Թուրքիա-Հունաստան համաձայնագրի դադարեցմանը

Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Անկարային՝ հետ կանգնել Հունաստանից փախստականների վերադարձը նախատեսող երկկողմ պայմանագրի չեղարկման որոշումից։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հունիսի 8-ին Բրյուսելում ելույթ ունեցած Եվրոպական հանձնաժողովի խոսնակը հիշեցրել է, որ այդ համաձայնագիրը Թուրքիայի համար վիզաների ազատականացման հարցում ԵՄ նախապայմանններից մեկն է։ Նա շեշտել է, որ ցամաքով Հունաստան հասնող փախստականների հետդարձը կարևոր գործոն է՝ փախստականների անկանոն հոսքը և գաղթի նոր ուղիների ձևավորումը կանխելու համար։

2001թ․ Թուրքիայի և Հունաստանի միջև կնքված երկկողմ պայմանագիրը նախատեսում է, որ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած երրորդ երկրների քաղաքացիները կարտահանձնվեն պաշտոնական Անկարային։ Սակայն, ինչպես նշել է Եվրամիության խոսնակը, հատկապես 2017-2018թթ․ այդ պայմանագիրն առանձնապես ակտիվ չի կիրառվում։ Նշված ժամանակահատվածում Հունաստանից Թուրքիային է արտահանձնվել ընդամենը 25 փախստական։ Մինչդեռ մինչև 2016թ․ արտահանձնված փախստականների թիվը հասնում էր 5000-ի։

Գերմանիան ևս արձագանքել է փախստականների հետընդունման համաձայնագիրը չեղարկելու Թուրքիայի որոշմանը։ Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հունիսի 8–ին Բեռլինում կայացած հերթական մամուլի ասուլիս ժամանակ Գերմանիայի կառավարության անունից հույս է հայտնել, որ Թուրքիան և Հունաստանը կկարողանան բանակցությունների միջոցով հարթել առկա տարաձայնությունները։

 2016թ, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Հունաստանում ապաստանած 8 թուրք զինվորականներից 4-ի՝ կալանքից ազատման որոշումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Հունաստանի հետ վերոնշյալ երկկողմ համաձայնագրի դադարեցման մասին։

18:36 09.06.2018

Ամենաշատ ընթերցվածները