ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ոչխարների խուզում 2018» փառատոն. հաղթողը Շինուհայրի բնակիչ է
12:10 11.06.2018

«Ոչխարների խուզում 2018» փառատոն. հաղթողը Շինուհայրի բնակիչ է

 

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում հունիսի 9-ին տեղի ունեցավ Ոչխարների խուզման հերթական՝ թվով չորրորդ փառատոնը:

Փառատոնին մասնակցեցին մարզի  12 համայնքների ներկայացուցիչներ, հաղթող ճանաչվեց Շինուհայր համայնքի ներկայացուցիչ Ռոմանոս Սարգսյանը, որը որպես մրցանակ ստացավ ձիու թամբ, խուզի մկրատ, խուզի մկրատի սրիչ եւ պատվոգիր: Նա ոչխարը խուզել էր 2 րոպե 30 վայրկյանում: Մյուս բոլոր մասնակիցները եւս ստացան պատվոգրեր:

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Փառատոնի ծրագիրն ընդգրկել էր ոչխարների՝ արդեն ավանդական դարձած ձեռքով խուզման մրցույթ, տեղական համայնքների եւ արտադրողների մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր, լարախաղաց: Այս տարի փառատոնի հյուրերի համար ծրագրվել էին բազմաթիվ անակնկալներ եւ հագեցած միջոցառումներ:

Մասնավորապես, հրավիրվել էին Մեծ Բրիտանիայից եւ հարեւան Վրաստանից հրավիրված փորձառու խուզ անողներ, որոնք առաջին անգամ Հայաստանում ցուցադրական դասընթաց են անցկացրել Փառատոնի մասնակիցների եւ հյուրերի համար:

Կազմակերպվել է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ուտեստների, խմիչքների եւ հուշանվերների վաճառքից բացի նաեւ իրականացվել է համտես: 

Հրավիրված պաշտոնատար անձանց թվում էին ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ եւ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:

Համերգով հանդես է եկել The Time Project խումբը,  կազմակերպվել ենինտերակտիվ խաղեր, մրցույթներ, իսկ մրցանակաբաշխության արարողությունից հետո տեղի է ունեցել շուրջպար:

Նկատենք, որ «Ոչխարների խուզում» փառատոնն անցկացվում է եւ լայն ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում եւ այլն, սակայն ի տարբերություն այդ երկրների, որտեղ ոչխարներին խուզում են մեխանիկական սարքերով, Սյունիքում խուզումն իրականացվեց ավանդական ձեւով` մկրատով:

Աղբյուր՝ news.am

12:10 11.06.2018

Ամենաշատ ընթերցվածները