ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» արձագանքում է ԱԺ-ում իր հասցեին հնչեցրած հայտարարություններին
14:38 12.06.2018

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» արձագանքում է ԱԺ-ում իր հասցեին հնչեցրած հայտարարություններին

– Օրերս խորհրդարանում կառավարության ծրագիրը քննարկելիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին հնչեցին մի շարք հայտարարություններ՝ 40 միլիոն տոննա մետաղական հանքանյութի արդյունահանման, կոմբինատի տեխնիկայի շարժի եւ աշխատուժը այլ երկրներ գործուղելու մասին, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները:

– Մենք ծանոթ ենք Ազգային ժողովում հնչած այդ հայտարարություններին եւ անկեղծորեն զարմացած ենք, թե ինչպես կարելի է ԱԺ ամբիոնից իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել Հայաստանի բարեխիղճ հարկատուների ցանկի առաջատարներից մեկը հանդիսացող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության վերաբերյալ: Հարկ ենք համարում նշել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը անշեղորեն ծավալում է օրենքի տառին եւ միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեություն: Ինչ վերաբերում է արտադրական ցուցանիշներին, ապա վերամշակված հանքաքարի ծավալը 2017 թվականին կազմել է 18.864.000 տոննա, այնպես որ՝ անհասկանալի է, թե ինչ 40 մլն տոննայի մասին է խոսքը, եւ որտեղից է առհասարակ առաջացել այդ թիվը: Անդրադառնալով ընկերության աշխատակիցների գործուղմանը՝ հարկ ենք համարում հայտնել՝ ԶՊՄԿ հիմնական բաժնետեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը գրեթե բոլոր մայրցամաքներում ունի տնտեսական ծրագրեր, դուստր ընկերություններ եւ ներկայացուցչություններ: Ընկերության սեփականությունը հանդիսացող տեխնիկայի շարժը եւ աշխատակիցների գործուղումներն այլ երկրներ իրականացվում են օրենքով սահմանված կարգով՝ աշխատանքային պայմանագրերում ամրագրված դրույթների եւ անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ: Ի գիտություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեությամբ հետաքրքրվողների՝ հայտնում ենք, որ ընկերության բաժնետերերն արդեն չորս տարի է՝ ընկերության գործունեությունից շահույթ չեն ստանում։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ ընկերության որդեգրած քաղաքականության մեջ որպես առաջնահերթություն սահմանված է կապիտալ ներդրումների, սոցիալական ծրագրերի իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը: Եվ առկա իրողության պայմաններում առնվազն բարոյական չէ գերշահույթի եւ կապիտալի արտահոսքի մասին խոսելը: Բացի այդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը Հայաստանում EITI ստանդարտի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) ներդրման գործընթացի առաջամարտիկն է ու ակտիվ մասնակիցը: Հուսով ենք՝ ստանդարտի ներդրման արդյունքում ձեւավորվելիք գործիքակազմի միջոցով լրացուցիչ հնարավորություն կստեղծվի հասարակության համար մանրամասն ծանոթանալու մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների գործունեության տնտեսական ցուցանիշներին եւ ինքնուրույն գնահատելու կատարված հայտարարությունների եւ հրապարակումների ճշմարտացիությունը, նպատակները եւ շարժառիթները: Եվ վերջում հորդորում ենք մինչ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վերաբերյալ բարձր ամբիոններից հայտարարություններ անելը՝ մանրամասնորեն ծանոթանալ Կոմբինատի հարկային հաշվետվություններին, գործունեության թափանցիկության սկզբունքներին եւ Սյունիքի մարզում իրականացվող խոշորագույն սոցիալական ծրագրերին։ Հակառակ դեպքում ընկերության գործարար եւ բարի համբավը արատավորելու ցանկացած փորձ եւ արձագանք կստանան իրավական համապատասխան գնահատական:

«ԶՊՄԿ» ՓԲԸ հասարակության եւ մամուլի հետ կապերի բաժին 

Աղբյուր՝ Առավոտ

14:38 12.06.2018

Ամենաշատ ընթերցվածները