ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
16:42 15.06.2018

ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատրաստ են աջակցել նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին և, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, որոնք արդեն տեսնում են այստեղ առկա ներուժը: 

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային և ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը: 

Կողմերը քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: ԱՄՆ դեսպանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին:  

ԱՄՆ դեսպանը կարևորեց նաև Լիդիան-Արմենիա ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի, գործունեության շարունակականությունը: Փոխվարչապետը վստահեցրեց, որ նոր կառավարությունը անաչառ ուսումնասիրություններ է իրականացնելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և, որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով: Իսկ ստանդարտներին համապատխան ձեռնարկությունները պաշտպանված են լինելու պետության կողմից:

Աղբյուր՝ Արմենպրես

16:42 15.06.2018

Ամենաշատ ընթերցվածները