ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Հայ-թուրքական սահմանի բացումը, երկու երկրների՝ առանց նախապայմանների երկխոսություն սկսելը կարևոր է Թուրքիայի հայերի համար․ Փայլան
15:20 17.06.2018

Հայ-թուրքական սահմանի բացումը, երկու երկրների՝ առանց նախապայմանների երկխոսություն սկսելը կարևոր է Թուրքիայի հայերի համար․ Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի հայազգի թեկնածու Կարո Փայլանը Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, երկու երկրների միջև առանց նախապայմանների երկխոսության սկզբի անհրաժեշտության ու այդ ամենի՝ Թուրքիայի հայ համայնքի համար ունեցած կարևորության մասին։

«Հայաստանում փոփոխությունների քամին է տարածվում, Թուրքիայի հետ սահմանների բացումը, երկու երկրների՝ առանց նախապայմանների երկխոսություն սկսելը կարող է դառնալ մեզ համար մի պայքար, որը թույլ կտա իրագործել Թուրքիայի արևելյան (Արևմտյան Հայաստանի- tert.am) քաղաքների ու Հայաստանի նոր հանդիպումը։ Սա Ստամբուլի հայերի համար էլ շատ կարևոր կլինի», - ասել է Փայլանը։

Ըստ նրա՝ այժմ շատ կարևոր է Թուրքիայի հայության հետ աշխատել ոչ միայն Ստամբուլում, այլև հենց պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում։

«Ակօսի» այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ մոտ ապագայում Ստամբուլի հայ համայնքից բացի հայերը կարողանան իրենց խոսքն արտահայտել նաև Թուրքիայի այլ տարածքներում, Փայլանը պատասխանել է․

«Իհարկե։ Այսօր Անատոլիայի ցանկացած տարածք գնալիս, օրինակ՝ Համշեն գնալիս հայերեն խոսող մարդկանց եմ հանդիպում։ Գնում եմ Մուշ, ասում են՝ «Մեր նախնիները հայ են, մեր ամբողջ գյուղն իսլամացրել են»։ Դիարբեքիրի որ գյուղը գնամ՝ մարդիկ փորձում են պատմել այս պատմությունները։ Հիշողությունը իր տեղում է։ Այս խնդիրը, որի մասին իշխանություններն ասում են «Պատմությունը թողնենք պատմաբաններին» մեր պապիկների պատմությունն է։ Կարևորը՝ այս հիշողությունն իր արժանի տեղը հասցնելն է։ 15 մլն-անոց Ստամբուլում 60 000-անոց համայնք ենք մնացել։ Դիարբեքիրում մեր պատմությունը վերահաստատելն ու փոքրիկ քայլերով այդ ամենին հասնելը շատ կարևոր է», - նշել է հայազգի գործիչը։

Աղբյուր՝ tert.am

15:20 17.06.2018

Ամենաշատ ընթերցվածները