ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփեց 2017-2018 ուսումնական տարին
13:39 21.06.2018

Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփեց 2017-2018 ուսումնական տարին

Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցն իր ուրույն ու կարևոր դերն ունի համայնքի մշակութային կյանքում: Դպրոցում դասավանդում են տարածաշրջանի լավագույն երաժիշտ-մանկավարժները, ովքեր իրենց գիտելիքներն ու տարիների փորձը մեծագույն սիրով ու նվիրվածությամբ են փոխանցում աշակերտներին:

Դպրոցում գործում են դաշնամուրի, ջութակի, քանոնի, վոկալի և փողային գործիքների բաժիններ, որտեղ սովորում են շուրջ 171 աշակերտներ, նրանցից 14-ն այս տարի ավարտեցին: Երաժշտական դպրոցի սաները մշտապես ակտիվ մասնակցություն են ցուցաբերում համայնքային բոլոր միջոցառումներին, լավագույն կատարումները ներկայացվում են հանրապետական և միջազգային տարբեր փառատոնների ու մրցույթների: Դպրոցն ինչպես ամեն տարի, այս տարի ևս գրանցել է բազմաթիվ նվաճումներ, փառատոններին գրավել պատվավոր հորիզոնականներ: Տնօրինության որոշմամբ դպրոցի սաները մասնակցում են բացառապես անվանի և բարձր մակարդակ ունեցող փառատոնների և մրցույթների: Դպրոցի ուսմասվար Գայանե Վարդանյանը մեծագույն հպարտությամբ մեզ ցույց տվեց այն բոլոր պատվոգրերն ու դիպլոմները, որոնք, ասես մասունք, պահվում են նախորդ տարիներին ձեռք բերված բազում դիպլոմների հետ միասին:

«Արտ Մյուզիք» արվեստի 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի տարբեր անվանակարգերում դպրոցի սաները արժանացել են մի շարք մրցանակների: Մանկական երգչախումբը Լուսինե Գասպարյանի ղեկավարությամբ դարձել է 2-րդ կարգի դիպլոմակիր, Անուշ Վարդանյանի աշակերտուհիներ Մարիամ Պետրոսյանը և Ռաիսա Մաթևոսյանը ակադեմիական երգեցողություն անվանակարգում արժանացել են 3-րդ կարգի դիպլոմի, իսկ ահա Մարիամ Պողոսյանը՝ 2-րդ կարգի դիպլոմի՝ էստրադային երգեցողություն անվանակարգում: Այս անվանակարգում 2-րդ կարգի դիպլոմի է արժանացել նաև Լուսինե Գասպարյանի աշակերտուհի Անահիտ Մուրադյանը:

Դպրոցի քանոնահարների համույթը մեկ անգամ չէ, որ բարձր է պահել երաժշտական դպրոցի և համայնքի անունը, այն գործում է Նաիրա Հակոբջանյանի ղեկավարությամբ: Համույթն այս տարի մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին և արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի կոչմանը: Փառատոնի 3-րդ կարգի դափնեկիր է դարձել Աննա Կարապետյանի սանը՝ քանոնահարուհի Անի Սիմոնյանը:

Երաժշտական դպրոցը գտնվում է «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում: Հիմնադրամի շնորհիվ այս տարի համալրվել է դպրոցի գործիքների ցանկը, հատկացվել է դուդուկ, կլարնետ, շեփոր, քանոն և ջութակ: «Դպրոցը հիմնադրամի ուշադրության կենտրոնում է հայտնվել որակյալ ուսուցման շնորհիվ, մեր երեխաներն իրենց կատարումներով իսկապես հիացրել են հիմնադրամի աշխատակիցներին: Անչափ շնորհակալ ենք գործիքների տրամադրման և ընթացիկ անհարժեշտ մեթոդական օգնության համար»,-մեզ հետ զրույցում ասաց երաժշտական դպրոցի տնօրեն Ռուբիկ Բարսեղյանը:

Հ.Գ Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի ամենօրյա աշխատանքներին կարող եք հետևել «Սիսիանի երաժշտական դպրոց» ֆեյսբուքյան էջում:

Աղբյուր՝ Today

13:39 21.06.2018