ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստան-ԵՄ հարաբերությունները գնալով ամրապնդվում են. Մոգերինի
18:41 21.06.2018

Հայաստան-ԵՄ հարաբերությունները գնալով ամրապնդվում են. Մոգերինի

Բրյուսելում առաջին նիստն է գումարել Հայաստան-ԵՄ գործընկերության խորհուրդը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և գործողությունները Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: Բացի այդ, կողմերն ընդգծել են գործընկերության առաջնահերթությունները: «Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վերջին շաբաթներին ու ամիսներին գնալով ավելի են ամրապնդվում: Դրա ամենաակնհայտ արտացոլումն է մեր նոր երկկողմ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը կարող է շատ կարևոր դեր խաղալ՝ ի շահ հատկապես Հայաստանի, ինչպես նաև ԵՄ քաղաքացիների»,- ասել է Մոգերինին հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը «բեկումնային համաձայնագիր էր մեզ համար, քանի որ այն ոչ միայն իրավական հիմք է մեր հարաբերություններում, այլև շատ կարևոր գործիք Հայաստանի համար՝ զարգացնելու բարեփոխումները»: ԵՄ գերագույն հանձնակատարը և Հայաստանի արտգործնախարարը քննարկել են քաղաքական առանցքային հարցեր, անդրադարձ կատարելով տարածաշրջանային թեմաներին, մասնավորապես, Արցախյան հիմնախնդրին: Քննարկվել է նաև քաղաքական երկխոսությանն ու բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մամուլի ազատությանը և մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: 

Աղբյուր՝ aravot.am

18:41 21.06.2018