ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կարմրաքարի գումարտակի զոհված մարտիկներին նվիրված խաչքար-հուշաքարի բացման արարողություն
13:31 22.06.2018

Կարմրաքարի գումարտակի զոհված մարտիկներին նվիրված խաչքար-հուշաքարի բացման արարողություն

Արցախյան պատերազմում 97-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմում մեր պատմական հայրենիքի մի հատվածի ազատագրմանը ավանդ ունեցավ նաև  յոթերորդ հրաձգային գումարտակը: 1993 թվականի մայիսի 11-ին հիմնադրվեց գումարտակը, հրամանատարն էր  գնդապետ Արթուր Մարտիրոսյանը, ում վկայությամբ հիշարժան էր  նաև նույն թվականի օգոստոսի 31-ը, երբ գումարտակը մարտական առաջադրանք ստացավ՝  ազատագրելու Կուբաթլուի շրջանը: Գումարտակն ունեցավ նաև նահատակներ, որոնց հիշատակը հավերժացնելու համար  կանգնեցվեց հուշակոթող-խաչքար: Հունիսի 14-ին հավաքվել էին գումարտակի նախկին մարտիկները, Արցախյան պատերազմի մասնակիցներ, մարզային եւ համայնքնային իշխանությունների ղեկավարներ, տարածաշրջանում տեղակայված զինվորական ստորաբաժանումների հրամանատարներ:

Հուշակոթողի բացման պատիվը վերապահվեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին, չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին, առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանին: Կապանի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, օրհնության կարգ կատարելով, ասաց,որ վայրը կդառնա մի յուրահատուկ սրբատեղի, այդտեղով անցնող մարդիկ ոչ միայն կհարգեն նահատակ մարտիկների հիշատակը, այլև կլինի մի անկյուն, որտեղ մարդիկ կհիշեն մեր հաղթանակների մասին:

 

Հուշարձանի բացման արարողությանը ոգեկոչման խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը. «Այս հուշակոթողի բացումը վերստին հիշեցնում է մեզ այն փառավոր ուղին, որ 1990-ականներին  Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ անցել է Կարմրաքարի գումարտակը` հրամանատար Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Նշենք նաև, որ հուշակոթողի կողքին աղբյուր է կառուցվել, որի պատվանդանին հետևյալ մաղթանքն  է՝ «Հայրենիքի պաշտպանների կյանքն այս ջրի նման երկար թող լինի»:

Աղբյուր՝ syunik.mtad.am

13:31 22.06.2018