ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Տիգրան Վանդունցն ազատման դիմում է ներկայացրել
15:47 22.06.2018

Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Տիգրան Վանդունցն ազատման դիմում է ներկայացրել

Երեկ՝ հունիսի 21-ին, իր դիմումի համաձայն Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Տիգրան Վանդունցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Տիգրան Վանդունցը ֆեյսբուքում գրել է. «Հարգելի ընկերնե՛ր, գործընկերնե՛ր, իմ շատ սիրելի ուսանողնե՛ր, ինչպես արդեն տեղյակ եք ս/թ մայիսի 22-ին, մի շարք հանգամանքներից ելնելով՝ դիմել էի ԳՊՀ ռեկտորին՝ խնդրելով ազատել դեկանի պաշտոնակատարի պարտականություններից: Այսօր դիմումիս համաձայն՝ լուծվել է ռեկտորի հետ կնքված աշխատանքային պայմանագիրս:

Ցանկանում եմ հստակեցնել, որ դեկանի պաշտոնակատարի պարտականություններից հրաժարվելու հիմնական պատճառը եղել և մնում է համալսարանում ստեղծված անառողջ, լարված ու անվստահելի աշխատանքային մթնոլորտը…

Հարգելի գործընկերնե՛ր, մնալով այն կարծիքին, որ ԳՊՀ ռեկտոր պր-ն Ա. Ղուկասյանը պետք է թողնի իր պաշտոնը և հեռանա, համբերություն եմ մաղթում բոլորիդ և մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնում համատեղ աշխատանքի ու համագործակցության համար: Միաժամանակ խնդրում եմ ներողամիտ լինել անցած 10 ամիսների ընթացքում աշխատանքային թերացումներիս համար, եթե գտնում եք, որ այդպիսիք եղել են: Բոլորիդ հաջողություններ եմ մաղթում ու ցանկանում, որ մեր սիրելի բուհում՝ Գորիսի պետական համալսարանում, ուսանելը և ուսուցանելը մշտապես լինեն փոխադարձ հարգանքի, սիրո, նվիրվածության, հանդուրժողականության ու փոխվստահության մթնոլորտում»:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցած գիտական խորհրդի նիստից հետո դեկան Մհեր Քումունցը հանդես էր եկել ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականի պահանջով, որին միացել են համալսարանի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., դոցենտ Լիլիթ Աթաբեկյանը, ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Տիգրան Վանդունցը, համալսարանի արհեստակցական միության նախագահ Համլետ Հովսեփյանը և մի շարք դասախոսներ:

Աղբյուր՝ Goris Today

15:47 22.06.2018