ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՍԾՏՀ ԽՎ-ում  հայկական պատվիրակության անդամներն անթույլատրելի են համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը
16:13 26.06.2018

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն անթույլատրելի են համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ ներկայացրեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ: «Առաջին` Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց նախագահությունն այս կարևոր կազմակերպությունում: Երկրորդ` պատվիրակության բոլոր անդամերը հանդես եկան ելույթներով, և տեղի ունեցան մի շարք հանդիպումներ: Ամենակարևորը` մեր պատվիրակության բոլոր անդամներն իրենց ելույթներում նշել են, որ մենք դեմ ենք, որպեսզի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը դառնա ավելի քաղաքականացված և որևէ պետության շանտաժի կամ նախապայմաններ առաջադրելու առարկա կազմակերպություն: Մենք կողմնակից ենք, որպեսզի պահպանվեն կազմակերպության կանոնադրական հիմքերը: Այս կազմակերպությունը խորհրդարանական վեհաժողով է, որն ունի հստակ տնտեսական ուղղվածություն, և մենք տնտեսական համագործակցության կողմնակից ենք բոլոր անդամ երկրների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Շարմազանովը:

Վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները բարձրաձայնել են Թուրիայի կողմից Հայաստանի  շրջափակումը` նշելով, որ դա անթույլատրելի է: «Եղել են առանձին հանդիպումներ Ռուսաստանի, Մոլդովայի և Հունաստանի պատվիրակությունների հետ: Ռուսաստանյան պատվիրակության հետ հանդիպմանը մենք կարևորել ենք հայ-ռուսական համագործակցության խորացումը խորհրդարանական բոլոր հարթակներում: Հույն եղբայրների հետ ունեցել ենք կառուցողական քննարկում»,-ասաց Շարմազանովը:

Նա  նաև հայտնեց, որ նոյեմբերին արդեն Երևանում տեղի կունենա վեհաժողովի հերթական նիստը, որին կարող են մասնակցել բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի»,- եզրափակեց Շարմազանովը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նիստը կայացել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հունիսի 21-24-ը:

Աղբյուր՝ Արմենպրես

16:13 26.06.2018