ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում երեք երեխա ունենալու թե ցանկությունը, թե խոչընդոտները մեծ են
16:50 11.07.2018

Հայաստանում երեք երեխա ունենալու թե ցանկությունը, թե խոչընդոտները մեծ են

Հայաստանցիների մեծ մասը ցանկանում է  երեք երեխա ունենալ: Այդ են վկայում  ՀՀ 2017 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ նշեց, որ այն իրականացվել է Երևանում և 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում և Տավուշում: Հետազոտությունն անցկացվել է  2301 տնային տնտեսությունների շրջանակներում, մասնակցել են 15-45 տարեկան վերարտադրողական տարիքի կանայք, 15-54 տարեկան վերարտադրողական տարիքի տղամարդիկ:

Անի Ասլանյանի խոսքով՝  հետազոտության հիմնական նպատակն էր՝ պարզելու բնակչության վերարտադրողական վարքագծի վրա ազդող գործոնները, քաղաքներում և գյուղական բնակավայրերում սոցիալ-ժողովրդագրական առկա իրավիճակի և զարգացումների գնահատումը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ  ամուսնական զույգերը ցանկանում են ավելի շատ երեխաներ ունենալ, բայց ունենում են ավելի քիչ: Դրա համար, ըստ Անի Ասլանյանի, պետությունը պետք է աջակցության մեխանիզմներ մշակի, որպեսզի երիտասարդ զույգերը կարողանան ունենալ հաջորդ պլանավորած երեխան:

«Ամենակարևոր խնդիրը՝ հատկապես սահմանամերձ գյուղերում այն է, որ  երեխայի պլանավորման խնդիրն ավելի լուրջ է դրված, քանի որ միգրացիոն գործընթացներն ավելի ակտիվ են գյուղական համայնքներում»,- ասաց նա:

Ըստ հետազոտության՝  ամուսնական զույգերը հիմնականում ցանկանում են ունենալ երեք երեխա, սակայն նրանց մեծ մասը՝  հարցվածների շուրջ 50 տոկոսից ավելին ունեցել է երկու երեխա, 20,5 տոկոսը՝  մեկ երեխա,  միայն 18,5 տոկոսն է ունեցել  3 երեխա:

«Եւ կանայք, և տղամարդիկ՝  համապատասխանաբար՝ 42,8 և 38,6  տոկոսը, նախընտրում է ունենալ երեք երեխա, տատիկ-պապիկները ևս ցանկանում են, որ իրենց զավակները  3 և ավելի երեխա ունենան:  Սակայն կան  խոչընդոտներ, որոնց պատճառով ամուսնական զույգը հետաձգում է հաջորդ երեխան ունենալու որոշումը:  Պատճառը՝  աշխատանքի կամ արժանի վարձրատրության բացակայությունն է, դրան հաջորդում է երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը»,- ասաց Անի Ասլանյանը:

Երեխայի ցանկալի թվի վերաբերյալ հիմնավորումը՝  ինչո՞ւ են ցանկանում ունենալ  հենց երեք երեխա, հարցվածների շուրջ 27.3 տոկոսը կարծում է, որ դա կապահովվի ընտանիքի ամրությունը, 12 տոկոսը գտնում է՝  այդպես ընդունված է  հայկական  ընտանիքներում, իսկ  9.7 տոկոսը կարծում է՝  երեք երեխա ունենալը ժամանակի թելադրանքն է:

Հետազոտությունից նաև պարզվել է, որ առաջիկա մեկ, երկու կամ երեք տարիների ընթացքում երեխա պլանավորող զույգերը մեծապես ուշադրություն են դարձնում ոչ միայն իրենց ֆինանսական վիճակին, այլ բնակարանային պայմաններին: Այսպիսով, ըստ հետազոտության, հարցմանը մասնակցած զույգերի 23.2 տոկոսը,  որ ունի միջինը  60 քմ բնակմակերես, առաջիկա մեկ տարում պլանավորում է ունենալ երեխա, իսկ առաջիկա երեք տարիներին երեխա է պլանավորում ունենալ հարցվածների շուրջ  61.9 տոկոսը:

Անի Ասլանյանը ուշադրություն հրավիրեց այն խնդրին, որ ամուսնական զույգերը չեն հետևում իրենց առողջությանը: Հարցման արդյունքները ևս փաստում են, որ Հայաստանում  կանայք և տղամարդիկ պրոֆիլակտիկ ստուգումներ չեն անցնում:

«Միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է, որ տարին գոնե մեկ անգամ թե կանայք, թե տղամարդիկ պետք է օգտվեն առողջապահական պրոֆիլակտիկ ծառայություններից, մինչդեռ հարցվածների միայն 26,9 տոկոսն է օգտվել այդ ծառայություններից, իսկ 60 տոկոսից ավելին գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա , քանի որ որևէ բժշկական ցուցում չի եղել»,- ընդգծեց նա: 

Ինչ վերաբերում է պետության կողմից աջակցությանը, ապա հարցվածների 27,3 տոկոսը գտնում է, որ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի կայուն զբաղվածության ապահովմանը,  24.9 տոկոսը կարծում է՝ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ զույգերը կարողանան համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը, 29,5 տոկոսը նշել է  ծառայությունների մատչելիության և ֆինանսական աջակցության մասին, իսկ 6.3 տոկոսը կարևորել է համայնքներում սոցիալ-մշակութային  կյանքի աշխուժացումը: 

Աղբյուրը՝ Panorama.am

16:50 11.07.2018

Ամենաշատ ընթերցվածները