ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գեղանուշը շնչում է, այստեղ կյանք կա
20:03 13.07.2018

Գեղանուշը շնչում է, այստեղ կյանք կա

Գեղանուշը նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մեջ, Գեղանուշ է վերանվանվել ՀՍՍՀ գերագույն խորհրդի 1949թ. հունիս 29-ի հրամանագրով (նախկին անվանումը՝ Կյուտկում)։ Գյուղում 1933թ., ներառելով Գոմարան գյուղը, կազմավորվել է կոլտնտեսություն, որը 1991թ. լուծարվել է։ Գեղանուշի շրջակայքում կան Սրհակ, Խնգյու և Ղազանգյոլ հին բնակատեղիների ավերակներ, դամբարան (մ.թ.ա. 1 հզմ․), 10-17 դդ. գերեզմանատուն։ Գյուղում կա երկու եկեղեցի, որից առաջինը 15-16 դդ. կառույց է, երկրորդը՝ Սբ․ Հռիփսիմեն՝ կառուցված 1800թ., վերանորոգվել և ներկայումս գործում է։ Նշանավոր գեղանուշցիներից են ԽՍՀՄ հերոս Մուշեղ Հարությունյանը, ԽՍՀՄ կառավարության անդամ, քիմիական արդյունաբերության նախարար Լեոնիդ Կոստանդովը, ԱՄՆ-ում բնակվող նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարուժան Կոստանյանը։

Գյուղացու սովորական առօրյան ու չվերջացող աշխատանքը

Սյունիքի մարզկենտրոն Կապանից 6 կմ հեռավորության վրա գտնվող Գեղանուշ գյուղը, որը համայնքների խոշորացումից հետո ընդգրկվել է Կապան բազմաբնակավայր համայնքի կազմում, այն քիչ բնակավայրերի շարքին է դասվում, որտեղ տանիքների ծուխը չի մարել: Այն, որ Գեղանուշը ապրում ու  շնչում է, ականատես եղանք գյուղ մտնելիս. գյուղամիջից լսվում էին երեխաների աշխույժ խաղերի ձայները, իսկ քիչ հեռու տարեցներն էին նստած՝ բարի գալուստ ասելով գյուղ եկող-գնացողին: 

Գեղանուշում փաստացի գրանցված է 347 բնակիչ, որից 345-ը բնակվում է գյուղում: Ուրախալի է, որ այստեղ իրենց հողին ամուր կապված են նաև երիտասարդները՝ չմտածելով գյուղից հեռանալու մասին: «Գյուղն ունի 98 տնտեսություն, հաշված տներ են, որտեղ մարդ չի բնակվում, սակայն վերջիններս ևս անտերության չեն մատնված, քաղաքում ապրողները հաճախ են գալիս այստեղ՝ հատկապես ամռան շրջանում, - ասում է բնակավայրի վարչական ղեկավար Ժիրայր Զախարյանն ու ավելացնում, - երբ նայում եմ մնացած գյուղերին, ակնհայտ է, որ մեր գյուղում կյանք կա»: Նրա խոսքով՝ գյուղից չհեռանալու հիմնական խթան է այն, որ Գեղանուշը մոտ է Կապան քաղաքին: Բնակիչներից շատերը աշխատում են Կապանի և Քաջարանի հանքարդյունաբերական ձեռնարկություններում: Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունը և այգեգործությունն է: 250 գլուխ եղջերավոր անասուն կա այստեղ, տարածքը հարմար է նաև մեղվապահության համար. Այն վերջին տարիներին մեծ տարածում է ստացել գյուղացիների շրջանում: Վերջերս մի քանի երիտասարդներ գյուղում նախաձեռնել են նաև հավաբուծության ծրագիր, որի արդյունքներին, նրանց խոսքով, դեռևս վաղ է գնահատական տալ, սակայն նոր բիզնեսի ընդլայնման համար մեծ սպասելիքներ ունեն:

Գյուղի հիմնախնդիրները

Գեղանուշին չի սպառնում դատարկվելու խնդիրը, ավելին՝ այստեղ ծխացող տանիքները վերջին տարիների համեմատ ավելանում են, սակայն գյուղը ևս ունի կենսական նշանակության խնդիրներ, որոնք հրատապ լուծում պետք է ստանան: Վարչական ղեկավարը նախ առանձնացնում է գազիֆիկացման հարցը: «Գյուղացիները ջեռուցումը իրականացնում են վառելափայտի միջոցով, որի ձեռքբերումը մեր օրերում դժվար է դարձել: Անտառային տարածքների սակավության պատճառով վառելափայտ գյուղացիները դժվարությամբ են հայթայթում, իսկ կապույտ վառելիքը շատ խնդիրներ կլուծի», - նշում է Ժիրայր Զախարյանը:

Գեղանուշում խնդիր է նաև գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհների հարցը: Այստեղ նույնիսկ տարեցները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է վերանորոգվել ճանապարհը: Այս հարցը ևս համայնքի զարգացման հնգամյա ծրագրում է ներառված:

Չնայած նրան, որ Գեղանուշը միշտ հարուստ է եղել քաղցրահամ ջրերով, բայց այսօր գյուղը ոռոգման ջրի ցանցի խնդիր ունի: Ոռոգումն իրականացվում է խմելու ջրով: Վարչական ղեկավարի խոսքով՝ ջրի խողովակաշարը անմխիթար վիճակում է, և շարքից դուրս գալու հետևանքով շատ խնդիրներ առաջ կգան:

Գեղանուշում երիտասարդների ժամանցը կազմակերպելու համար մի շարք ծրագրեր են իրականացվել․ Կապանի լեռնահարստացման կոմբինատի, գյուղապետարանի և միջազգային մի շարք ծրագրերի միջոցներով վերանորոգվել են ակումբն ու գրադարանը, մասնակի՝ նաև դպրոցը: Ակումբում մի քանի օր առաջ փոքրիկների համար ներկայացում խաղացին Կապանի Ալ․Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Բնակիչների խոսքով՝ նախկինում նման նախաձեռնությունները պարբերական բնույթ ունեին: Այն նպաստում էր թեկուզ մեկ օրով փոխել գյուղացիների առանց այդ էլ միապաղաղ առօրյան, սակայն վերջերս նման միջոցառումները ևս  հազվադեպ դարձան:

Այս  գյուղի դպրոցում 2017-18 ուստարում սովորում էր 65 աշակերտ, որից 11-ն ավարտեց, իսկ սեպտեմբեր ամսին դպրոցն իր դռները կբացի ևս 2 նոր աշակերտի առջև: Մանկավարժների համալրման խնդիր գյուղի դպրոցը չունի. մի մասը Կապանից է հաճախում, մնացյալը գյուղաբնակ է: Կապանի համայնքապետարանի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի աջակցությամբ  գյուղում յուրաքանչյուր աշխատանքային օր գործում է Գեղանուշ-Կապան-Գեղանուշ անվճար երթուղին։

Գեղանուշում փոքրիկները զրկված են  նախակրթարան հաճախելուց: Արցախյան պատերազմից հետո գյուղի նախակրթարանը չգործեց, պատճառը համապատասխան թվով երեխա չլինելն էր. գյուղացիները ստիպված են իրենց երեխաներին քաղաքի նախակրթարաններ տանել: Համայնքի նախկին ղեկավարները բազմիցս են փորձել նախակրթարանի խնդրին լուծում տալ, սակայն դեռևս ոչինչ չի փոխվել: Համայնքների խոշորացումից հետո գյուղերի նախակրթարանների հարցը Կապան բազմաբնակավայր համայնքի ավագանու ուշադրության կենտրոնում է: Գեղանուշի նախկին համայնքապետ, այսօր Կապան համայնքի ավագանու անդամ Իվան Կոստանդյանի խոսքով՝ ավագանու քննարկմանն է դրված գյուղական նախակրթարանների վերականգնման հարցը:

Զարգացման նախադրյալները

Գեղանուշն ունի հարուստ արոտավայրեր, սակայն երկար տարիներ է՝ այդ արոտավայրերն անմշակ են մնում, մի մասն արդեն անտառների է վերածվել: «Մեծ տարածքներ ունենք, սակայն որևէ հացահատիկ չկարողացանք աճեցնել, քանի որ անհրաժեշտ տեխնիկայի խնդիր ունենք, մեր միակ տեխնիկան ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և արդեն ունակ չէ աշխատելու», - ասում է բնակավայրի վարչական ղեկավարը:

Գյուղի բնակիչները նաև կաթնամթերքն ու ստացած բերքը իրացնելու խնդիր ունեն: Քաղաքին մոտիկ լինելը նպաստում է մթերքը սպառողին հասցնել քիչ գումար ծախսելով, սակայն ոչ բոլորն են կարողանում այդ հաճույքից օգտվել, հատկապես, երբ արտադրանքը մեծ ծավալների չի հասնում: Գյուղացիների խոսքով՝ օրական 15 լիտր կաթը իրենց միջոցներով սպառողին հասցնելու դեպքում եկամուտ չեն ավելացնում, իսկ եթե իրացման կետ լինի, իրենց հոգսերը ինչ-որ չափով կթեթևանան:

Գեղանուշում, որպես հատուկ պահպանվող տարածքներին հարակից բնակավայր, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում շուտով գյուղամիջյան լուսավորության հարցը կլուծվի:  Գյուղացիները հույս ունեն, որ մոտ ապագայում գոնե լուծում կտրվի  առաջնահերթ  խնդիրներին:

«Այստեղից հեռանալու մասին երբեք չենք մտածել, լիահույս ենք, որ մեր երիտասարդները ևս մեզ պես ամուր կկապվեն այս հողին, ու տարիներ հետո էլ գյուղ այցելողները կզգան այն նույն կյանքն ու աշխուժությունը, որ տեսաք այսօր», - հրաժեշտի պահին նշեցին գյուղի տարեցները:

Արփինե Հարությունյան

 

20:03 13.07.2018

Ամենաշատ ընթերցվածները