ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Զբոսաշրջության խոչընդոտները Մեղրիում
12:39 14.07.2018

Զբոսաշրջության խոչընդոտները Մեղրիում

Ուսումնասիրելով Մեղրի համայնքի զարգացման ծրագիրը՝ հանդիպում ենք դրույթների, որտեղ Մեղրի խոշորացված համայնքն իր ապագան տեսնում է կայուն և համահարթ զարգացող, բարձրորակ շրջակա միջավայր ունեցող քաղաքային և գյուղական ծաղկուն բնակավայրերի տեսքով, համայնքին տնտեսական բարեկեցություն բերող, բնության վրա նվազ ազդեցությամբ և արդյունավետ կառավարվող հանքարդյունաբերություն, մրցունակ գյուղատնտեսական արտադրանք և այլն: Բայց պատկերը փոքր-ինչ այլ է:

Մեղրու տարածաշրջանն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորությունները: Լուրջ նախադրյալներ կան էկոտուրիզմի, ագրոտուրիզմի, սպորտային և պատմական տուրիզմի զարգացման համար: Բայցևայնպես համայնքը մինչ օրս չի օգտագործել իր ողջ զբոսաշրջային պոտենցիալը: Ընդհանուր առմամբ ուշադրության են արժանի ոլորտի զարգացման հետևյալ խոչընդոտները.    

ա) Մեղրին գրագետ կերպով գովազդող օնլայն հարթակի, համայնքում տուրիստական գործակալության, ինչպես նաև օտարալեզու քարտեզի բացակայությունը: Շատերը չեն ցանկանա ճամփորդել անհայտ ուղղություններով:

բ) Համապատասխան ենթակառուցվածքների՝ ավանդական ոճի հյուրատների սահմանափակ թիվը և երկրագիտական, էթնոգրաֆիկ թանգարանների բացակայությունը:

Մասնավոր ներդրողների ոչ շահագրգիռ մոտեցումը լեռնադահուկային և ձմեռային այլ մարզաձևերի զարգացման (այս առումով Լիճք և Տաշտուն գյուղերը հրաշալի հարթակ են), ինչպես նաև ձիարշավարանների ստեղծման (բարենպաստ են Վանք, Կալեր բնակավայրերը) ուղղությամբ:

Մեղրու տարածաշրջանին բնորոշ գլխավոր խնդիրը տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է: 66 հազ. հա վարչական տարածք զբաղեցնող համայնքի 34 հազ. հա տարածքը գտնվում  է «Արևիք» ազգային պարկի տնօրինության տակ: Չնայած այս կարևոր հանգամանքին՝ տնտեսության 80 տոկոսը պատկանում է հանքարդյունաբերությանը, որն առաջացնում է խիստ անկայուն սոցիալ-տնտեսական վիճակ, քանի որ համայնքի և բնակչության բավականին զգալի հատվածին կախման մեջ է դնում համաշխարհային շուկայում պղնձի, մոլիբդենի և ոսկու գներից: Այդ գների անկմամբ էապես նվազում են համայնքային բյուջեի և շահագործող ընկերություններում աշխատողների եկամուտները՝ առաջացնելով ինչպես սոցիալական, այնպես էլ դեմոգրաֆիական խնդիրներ: Տնտեսության դիվերսիֆիկացիան և տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռության խաթարումն ուղղակիորեն ազդում են գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման հեռանկարների վրա՝ դրանց զարգացման համար առաջացնելով անբարենպաստ միջավայր:

Ամառային այս տաք սեզոնին նկատելի է արշավականների հետաքրքրությունը հարավի՝ մասնավորապես չբացահայտված, բայց տուրիստական բարձր գրավչություն ունեցող վայրերի նկատմամբ, որոնցից ամենախորհրդավորը Լիճքն է՝ իր բնական ջրվեժներով, խիտ ու հարուստ բուսական աշխարհով, մաքուր օդով ու էքստրեմալ պայմաններով, Զվարագետով, 17-րդ դարի Զվարավանքով:

«Նեթվորք արշավներ» խումբը երկօրյա այցով Մեղրի համայնքում էր: Առաջին կանգառը Լիճքն էր, որի անունը առավել շատ լսել էին հանքարդյունաբերական թեմայի հետ կապված: Խմբի անդամները նշում են, որ երբ համացանցով տեսել են ջրվեժների այդ բնական կասկադները, բնությունը, որոշել են պարտադիր այցելել ու բացահայտել Հայաստանի այդ անկյունը: Խմբի ղեկավար Մայիս Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրավչությունը այնքան մեծ էր, որ արշավից չորս օր առաջ են որոշել գնալ հարավ, խումբը ձևավորվել է շատ արագ, ինչը երկօրյա արշավների դեպքում հազվադեպ է լինում: «Հայկական Շվեյցարիա»՝ կանաչի ու ձյունածածկ լեռների, խոր կիրճերի, պաղ ջրերի, գյուղական կոլորիտի համադրությամբ՝ այսպես բնորոշեց արշավականը իր տեսած «նոր աշխարհը»:

Օրերս «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում «Արևիք» ազգային պարկում՝ Լիճք գյուղի և ջրվեժների կասկադի հարակից հատվածում, հիմնվեց վրանային էկոճամբար: Կազմակերպչական աշխատանքները շուտով կավարտվեն, և համայնքի դպրոցականները, երիտասարդները հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում: Ծրագիրն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ:

Սրանք առաջին քայլերն են էկոտուրիզմի, գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ: Մեղրին բնականից ունի գրեթե բոլոր նախադրյալները ոլորտի զարգացման համար. կարծում եմ՝ անհրաժեշտ է նոր ռազմավարության մշակում, հոգածություն հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ, ինչպես նաև տեղական իշխանության և քաղհասարակության ակտիվությունը ոլորտի կադրեր պատրաստելու, սպասարկման որակը բարելավելու, ենթակառուցվածքներ հիմնելու պատրաստակամությունը և ներդրողների ուշադրությունը հարավ հրավիրելու ջանքը:

Ափսոսալի է, որ բարձր կենցաղավարություն, յուրօրինակ հյուրընկալություն, արևահամ և էկզոտիկ մրգաստան-աշխարհը, կուսական բնաշխարհը գլխատվի, մնա ստվերում՝ հանքարդյունաբերության ճիրաններում:

Մարիամ Ծատրյան

Լուսանկարները՝ meghrinews.com

12:39 14.07.2018

Ամենաշատ ընթերցվածները