ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հոտած գլուխգործոցներ
14:00 15.07.2018

Հոտած գլուխգործոցներ

«Արվեստը զգացածի հաղորդում է»

Լև Տոլստոյ

«Ես հարուստ եմ, որովհետև աշխարհը լի է տխմարներով»

Սալվադոր Դալի

Տասնհինգ տարի առաջ ոմն անգլիացի Դեմիան Հյորսթը գրոշներով գնել է սատկած շնաձուկ և 5000 ֆունտով տեղափոխել Լոնդոն։ Նա շնաձկան լեշը ապակյա խորանարդի մեջ է դրել և ծածկել մրջնալդեհիդով։ Իր ստեղծագործությունը նա անվանել է (ուշադրություն դարձրեք, անվանումը պետք է լինի բավականաչափ անհեթեթ-Ա․Կ․) «Մահվան ֆիզիկակական անհնարինությունը ապրողի գիտակցության մեջ»։ 2004թ․ այդ աշխատանքը 12 մլն դոլարով գնեց ամերիկացի մի հավաքորդ և նվիրեց նյույորքյան թանգարանին։ Այդ գնումը Հյորսթին միանգամից դասեց պատմության ամենաթանկ գեղանկարիչների շարքին՝ Կանդինսկու, Մալևիչի, Ջասպեր Ջոնսի կողքին։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ, կարելի է ասել, խաբեբայական գործարքի մասին, որ արվեստի հետ ընդհանուր ոչինչ չունի, գրում են հիացմունքով, իսկ Հյորսթը արժանացավ բրիտանական ժամանակակից արվեստի «գերնորաձև» պրոդուկտի փառքի։

Ես Հյորսթին չեմ մեղադրում․ շատերի համար այսօր փողն ավելի կարևոր է, քան գեղարվեստական արժեքը։ Հյորսթը գերազանցիկ գործարար է․ շնաձկան լեշով աճպարարությունը կարող է մտնել արվեստի շուկայաբանության դասագրքեր։ Ուզում եմ հուսալ, որ բրիտանացին ազնվորեն փորձել է հասկանալ՝ մարդիկ առողջ դատողություն ունե՞ն։ Բայց տեսավ, որ Դալին ճիշտ էր, երբ ասում էր, որ ժամանակակից արվեստը գնահատողները մեծավ մասամբ տխմարներ են։ Եվ Հյորսթի «գլուխգործոցների» գինը (խոզերի կիսատված մարմիններ, կովերի կաշվազերծ գլուխներ և այլն) դա է ապացուցում։ Ես նույնիսկ չեմ կասկածում, որ Հյորսթը հասկանում էր՝ ԴԱ արվեստ չէ, չէ՞ որ նա սովորել է արվեստի ակադեմիայում։ Եկեք պարզաբանենք, թե ինչու դա արվեստ չէ։

Քաղաքակրթության հազարամյա պատմության մեջ արվեստի զարգացումը անցել է տարբեր փուլեր, բայց ունեցել է մի քանի ընդհանրական բնութագրեր։

Արվեստը պիտի համապատասխանի 4 պայմանի։ Առաջինը տաղանդն է, Աստծո շնորհը։ Գեղանկարիչը զգացումներ է ապրում և գեղարվեստական ձևով հաղորդում մեզ։ Ինչպես ասել է Տոլստոյը, «արվեստը զգացածի հաղորդում է»։ Առանց զգացողության ունակության գեղանկարիչ ուղղակի գոյություն չունի։ Կարծում եմ, մեծն Պուշկինը, եթե լիներ միասեր, այդքան թվով սիրային քնարերգություն չէր կարող գրել։

Տառապանքը, ծիծաղը և սարսափը անտիկ ողբերգությունների դիմակներ են, այդ զգացումները արվեստի հիմքն են։ Իսկական արվեստի ստեղծագործությունները ավելորդ խոսքեր չեն պահանջում, նրանց անունները պարզ են․ «Մոնա Լիզա», «Դավիթ», «Պատերազմ և խաղաղություն», «Հերոսական սիմֆոնիա»։ Իսկ ինչ-որ «սև քառակուսու» պարզաբանումները հարյուրավոր էջեր են զբաղեցնում։

Սակայն զգալը քիչ է, հարկավոր է արտահայտել կարողանալ։ Դրա համար վարպետություն է պետք՝ արվեստի գոյության համար երկրորդ պայմանը։ Եվ եթե տաղանդը ի ծնե է, ապա վարպետությունը մշտական աշխատանքն է։ Այդ պատճառով մեծ նկարիչը, եթե նույնիսկ հանճար է, պիտի համառորեն աշխատի վարպետության հասնելու համար։ Չինացիները ընդհանրապես համարում են, որ իսկական վարպետ կարող է լինել միայն հինգերորդ սերնդում։

Արվեստի իսկական ստեղծագործության երրորդ նշանը գեղեցիկի զգացողության հաղորդումն է։ Արվեստի շնորհիվ մենք ունակ ենք տեսնելու Գեղեցիկը։ Մարդը միշտ էլ ընկալուն է եղել բնության, ձայների, կերպարների գեղեցկության նկատմամբ․․․ Մեծ նկարչի ստեղծագործության մեջ անպայման առկա է ինչ-որ վեհ գաղափարական նպատակ։ Ինչպես ասել է Տատյանա Տոլստայան, երբեմն նկարչին հաջողվում է կանգնել ոտքի մատների վրա և տեսնել դա՝ անհասանելին և Վեհը․․․

Եվ արվեստի գոյության չորրորդ պայմանը մշակութային զուգորդումների հարստությունն է։ Հին էպոսներից մինչև հետիմպրեսիոնիզմ ամբողջ եվրոպական արվեստը հագեցած էր առասպելների զուգադրման բազմազանությամբ, դարավոր մշակութային հնատիպերով և ավանդույթներով։ Ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսը Գեղանկարիչը չէր ձգտում ստեղծագործել ավանդույթներից դուրս։ Կարելի է «պայքարել» ավանդույթների դեմ, երբ դու գիտես, թե ում հետ գործ ունես, դրանից գլուխ ես հանում։ Ավանդույթների իմացությունը և դրանց վրա նորովի նայելու ունակությունը ստեղծում են արվեստի մեծ գործ։ Եթե դու դիտում ես մեծ իտալացի Միքելանջելո Բուոնարոտիի գործերը, ապա դրանցում դու տեսնում ես հին հույն քանդակագործ Ֆիդիասին։ Մոդեռնիստ Ֆրենսիս Բեկոնը Վելասկեսին պարոդիա անելիս հասկանում էր, թե արվեստում ինչ ավանդույթներ է «ավերում»։

Եվրոպական արվեստը ավերվեց հետմոդեռնիզմով, որը 20-րդ դարի կեսից փորձել է ազատվել ավանդույթներից, մոռանալ դրանք։ Հիշե՛ք, Մայակովսկին է ասել․ «Թքել եմ ես բազմափթանոց բրոնզի վրա, թքել եմ մարմարյա լորձունքին․․․»։

Եվ այսպես, Հյորսթի տխրահռչակ «մեռած շնաձուկը» չի համապատասխանում վերը նշված 4 պայմաններից և ոչ մեկին, որ հարկավոր է արվեստի ստեղծագործություն կերտելու համար։ Այն զգացողություններ չի հաղորդում, միայն մտավոր հետաքրքրասիրություն է ծնում։ Այստեղ վարպետություն էլ չկա․ շնաձկան լեշը դրել է ֆորմալինի մեջ և, բնականաբար, այդ գործը չի կարող գեղեցիկի զգացողություն առաջացնել։ Այդ դեպքում, կասեք դուք, ինչու՞ ԴԱ այդքան արժե։

Նույն հաջողությամբ կարելի է հարցնել․ «Իսկ ինչու՞ այդքան արժե Մալևիչի «քառակուսին»», որը նույնպես չի համապատասխանում այդ չափանիշներից ոչ մեկին։ «Քառակուսին» գնել է մեր պետությունը և մտցրել Ռուսաստանի թանգարանային ֆոնդ։ «Քառակուսու», որ ճանաչվել է «պետական նշանակության հուշարձա՛ն», շուկայական գինը փորձագետների գնահատմամբ հասնում է 20 մլն դոլարի։

«Սև քառակուսում» վարպետության կա՞։ Տաղանդ կա՞։ Գեղեցիկի զգացողություն կա՞։ Ո՛չ։ Կա վարպետորեն սարքված գովազդային հնարք։ Կա ցանկություն՝ «պայթեցնել», առաջացնել սկանդալ, շշմեցնել հանդիսատեսին։ Այս տեսակետից Մալևիչը նույնպիսի գեղանկարիչ է, ինչպիսի ճարտարապետ է Հերոստրատը, իսկ Չիկատիլոն, ներեցե՛ք, վիրաբույժ է։

Չեմ կարող զսպել ինձ և չհիշել ապուշներին խաբելու գործով իմ սիրելի Էնդի Ուորհոլին։ Մի անգամ նա զանգել է իր արվեստանոցը և լուսանկարչին հանձնարարել մետաքսի վրա դնել կոնկրետ պատկեր, ապա եկել է ու պատրաստի պաստառի վրա ․․․ միզել։ Ուորհոլի մեզի հետքերով «կտավը» Նյու Յորքում վաճառվել է 10 մլն դոլարով։ «Արվեստը գնահատողները» գիտեն, թե ինչ մասնակցություն է ունեցել Ուորհոլը այդ «գլուխգործոցի» ստեղծման մեջ, սակայն գնում են՝ տառացիորեն մեկը մյուսի ձեռքից խլելով։

Գործամոլները, որ սրահներում են հավաքում ակնհայտ անպետքությունը, գիտեն՝ ինչ են անում։ Չէ՞ որ կան քննադատներ, որ այդ աղբին «խոր իմաստ» կկպցնեն և իրենց գնահատականը կմատուցեն որպես համընդհանուր ճշմարտություն։

Իսկ տռզած քսակով գործարար գիտակները դրա համար կվճարեն լուրջ փողեր, հիշելով Դալիի խոստովանությունը, որ «աշխարհը լի է տխմարներով», և ինչ-որ ժամանակ անց նրանք կվերավաճառեն «գլուխգործոցը» եռակի թանկ։ Ինչպիսի խոշոր խաբեություն։

Մոդա ստեղծել կարելի է ամեն ինչում։ Ինչպես գրել է Սոլժենիցինը «Մշակույթի սպառումը» հոդվածում․ «Սկզբում ճաշակ է դաստիարակում (պարտադրվում) մատուցման ձևով, հետո անցկացվում են «հասարակական հարցումներ» և հայտնաբերվում այդ «ճաշակները․․․»»։ Աղճատված արվեստի, արդեն վաղուց՝ պսևդոարվեստի ճղճիմությունը հաղթականորեն ծավալվում է․․․, խաթարում մարդկանց տեսողական և լսողական ընկալումը, փչացնում հոգիները։ Արվեստի աշխարհում այժմ կարելի է հաջողակ լինել՝ բացարձակապես չունենալով տաղանդ։ Բավական է լինել լավ ձեռնարկու և գործամոլ։

Այսօր շուկայական գինը փոխարինել է գեղարվեստական արժեքին․ ահա թե ինչն է եվրոպական արվեստի գլխավոր ողբերգությունը։

Ի դեպ, Հյորսթը, կարծես, լրջորեն հոգ է տանում իր ստեղծագործական «ժառանգության» պահպանության մասին․ նա որոշել է 1991թ․ իր նշանավոր գործում փոխել սատկած շնաձուկը։ Այն ժամանակ նա փող չուներ և շնաձուկը պահածոյացրեց ինքնուրույն։ Եվ քանի որ մասնագետ չէր, շնաձուկը սկսեց նեխել։ Այնուհանդերձ, տարեսկզբին Սեուլի հայտնի ֆիրմայի թանգարանը գնեց այդպիսի մի շնաձուկ, դա կորեացիների վրա նստել է ընդամենը 4 մլն դոլար։ Այդ կապակցությամբ Հյորսթը հայտնեց, որ ինքն աշխատում է իր հռչակավոր «ստեղծագործության» ուրիշ հեղինակային պատճենների վրա։

Սալվադոր Դալին համարձակություն ունեցավ խոստովանել, որ այս աշխարհում ինքն ամենաշատը սիրում է փողը, և իր այդ կրքին հագուրդ է տալիս արվեստից ոչինչ չհասկացող տխմարների օգնությամբ։

Բրավո՛, ծերու՛կ Դալի․ աշխարհը, իսկապես, լի է տխմարներով։

Անդրեյ Կոնչալովսկի

Թարգմանեց Սլավիկ Նավասարդյանը

«Аргументы недели», 28 սեպտեմբերի 2006թ․

14:00 15.07.2018

Ամենաշատ ընթերցվածները