ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Աշխատողը սոված չի մնում
17:00 15.07.2018

Աշխատողը սոված չի մնում

Ժամանակին բանավան Որոտանը

Գորիս քաղաքից 15 կմ հեռու գտնվող Որոտանը՝ հայտնի պտուղ-բանջարեղենի համային առանձնահատկություններով, ծովի մակարդակից Հայաստանի ամենացածր կետերից մեկն է։  Այն կառուցվել է 1960-ական թթ․՝ Տաթևհէկի շինարարության ընթացքում՝ որպես քաղաքին կից ավան։ Ինչպես պատմում է Կապանի Բեխ թաղամասի լիազոր Ռաֆիկ Հայրապետյանը, ով 1964թ․ օգոստոսի 26-ին տեղափոխվել էր Որոտան, այդ տարածքը այն ժամանակ բանավան էր, որտեղ բնակվում էր 6 հայ և 30-ին մոտ ադրբեջանական ընտանիք։

Համամիութենական նշանակության Տաթևհէկի կառուցմանը մասնակցում էին կոմերիտականներ, կամավորներ, այդ բնագավառի մասնագետներ, բայց շինարարության ընթացքում առաջացած դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ էին լրացուցիչ և կարող ուժեր։ «Կրասնոյարսկի շրջանում միութենական նշանակության երկաթուղու կառուցումից հետո «Իզվեստիա» թերթում «Փնտրում ենք աշխատանք» վերտառությամբ հայտարարություն տպագրվեց։ Ես գնացի, եղա մի շարք քաղաքներում և ցուցակագրեցի 64 հոգու։ 43 տնտեսություն միանգամից եկավ Հայաստան, որից 14-ը՝ Որոտան, և աստիճանաբար նրանց թիվը ավելացավ։ Որոտանի թունելի նման մեկ էլ Շվեյցարիայում կար, որի նախագծի համաձայն էլ ստեղծվեց այդ բարդ կառույցը։ Դրսից եկած մասնագետները, նաև տեղացիները եռանդով էին աշխատում, չնայած տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին հավաքվել, ընդհանուր առմամբ համերաշխություն էր տիրում։ Կառույցը ոտքի կանգնեցնելուց հետո ընտանիքների մի մասը տեղափոխվեց Քաջարան՝ այնտեղ նույնպես թունել կառուցելու», - պատմում է Ռ․Հայրապետյանը, ով 2 տարի աշխատեց Որոտանում՝ բրիգադավար, հերթափոխի պետ և այլն։

Ռուսներ, թաթարներ, բելառուսներ, ուզբեկներ, նույնիսկ չեչեններ են բնակվել այստեղ խորհրդային տարիներին, այժմ հարակից գյուղերից, Ղարաբաղից, Բաքվից, Սումգայիթից տեղափոխված ընտանիքներ են, վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի խոսքով, միայն 7 ընտանիք է բնիկ Որոտանից։

Այսօր Որոտանում կա 89 տնտեսություն՝ 261 առկա (281 փաստացի) բնակիչով։ Հիմնական զբաղմունքը այգեգործությունն է, մասամբ՝ անասնապահությունը։ Բնակիչների թվով լավագույն տարիները հիմա են։ Հիմնական աշխատատեղեր են ապահովում դպրոցը, Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը, Զանգեզուրի ՊՄԿ-ն։ «Արտագնա սեզոնային աշխատանքի մեկնողներ էլ կան, բայց որ ասեմ՝ գյուղին արտագաղթը սպառնում է, այդպես չէ։ Բնակչության սոցիալական մակարդակը միջին է, սոված չեն մնում։ Բացի դրանից էլ՝ բարենպաստ պայմաններով Որոտանում եթե մեկը սոված մնաց, ուրեմն ոչ մի տեղ չի կարող աշխատել», - նշեց Ս․Օհանջանյանը։

Ապրուստ կա, աշխատանք չկա

«Մեզ պահողը երիտասարդներն են, այստեղ 10 տարեկանից սկսած՝ երեխան ընտանիքի հետ կիսում է գյուղատնտեսական աշխատանքների հոգսը։ Չարչարվում, ստեղծում ենք, եթե երիտասարդները հիմնական աշխատանք էլ ունենային, գյուղից նույնիսկ ժամանակավոր դուրս գալու մտադրություն չէին ունենա», - նշում է վարչական ղեկավարը՝ հավելելով, որ այդ խնդրի պատճառով երիտասարդները դժվարությամբ են ամուսնանում։

Գյուղի ճանապարհին հանդիպած երիտասարդ որոտանցի Ռազմիկը մեր այն հարցին, թե ինչու չի ամուսնանում, պատասխանեց՝ ժամանակը չէ, և ավելացրեց՝ մշտական աշխատանք ենք ուզում, ապրուստ ունենք, բայց աշխատանք չունենք։

Որոտանում առկա պետական շենքերը, առանձնատներն ամբողջովին բնակեցված են, իսկ փողոցներում երեխաների ձայների պակաս չի զգացվում․ մինչև 30 նախադպրոցական տարիքի երեխա կա։ Ինչպես տեղեկացրեց դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը, այս պահի դրությամբ դպրոց է հաճախում 41, իսկ նախակրթարան՝ 5 երեխա։ Տնօրենի խոսքով՝ ԾԻԳ-ի ծրագրերից մեկով դպրոցի մաս կազմող նախակրթարանը նորոգվել է։ Դաստիարակչուհի Ալիսա Զաքարյանն էլ նշեց, որ գույքի պակաս է զգացվում, իսկ ընդհանուր առմամբ գյուղում խելացի ու տաղանդավոր երեխաներ շատ կան, որոնց համար, սակայն, համապատասխան խմբակներ չեն գործում այստեղ։

Մեր այն դիտարկմանը, թե վարչական ղեկավարն ինչ քայլեր է փորձում ձեռնարկել բացը լրացնելու ուղղությամբ, նա նշեց․ «Հարցը պետք է լուծվի նախարարության մակարդակով։ Եթե գյուղում մշակույթի կենտրոն լինի, գուցե հնարավոր լինի ինչ-որ քայլեր անել»։

Արա Գրիգորյանի խոսքով՝ 1964թ․ կառուցված դպրոցի շենքը հիմքերի ամրացման, հիմնանորոգման խնդիր ունի, որը, սակայն, ձգձգվում է․ «Մոտակա 1-2 տարում շենքը նորոգելու ծրագրի առկայության մասին տեղեկություն չունեմ»։

Վարչական ղեկավարը նշեց, որ նոր տուն կառուցել ցանկացող երիտասարդները տարածք ստանալու խնդիր չունեն, միայն թե դիմեն․․․

Հացն այստեղ 180 դրամ արժե

Ամեն հարցի լուծման համար լավատեսորեն տրամադրված վարչական ղեկավարը հերթով թվարկում է խոշորացումից հետո կատարված աշխատանքները՝ լուսավորության ցանցի անցկացում, կոյուղու հիմնանորոգում, աղբահանության կազմակերպում։ Խմելու ջրի ներքին ցանցը հիմնանորոգվել է Սոցներդրումների հիմնադրամի 50 մլն դրամ ներդրմամբ և 2 մլն դրամ համայնքային համաներդրմամբ, որ տրամադրել է Քոնթուր գլոբալը։ «Համայնքի ղեկավարին եմ դիմել շենքերի տանիքների նորոգման հարցով, թեպետ այն սեփականություն է համարվում։ Խոստացել է աջակցել», - նշեց Ս․Օհանջանյանը։ Ի դեպ, Քոնթուր գլոբալը նաև ուսուցիչների տեղափոխման համար «Գազել» է նվիրել դպրոցին։

Գազիֆիկացման, այգիների որոշ հատվածներում ոռոգման ջրի ապահովման, մանկապարտեզի շենքի կառուցման՝ ֆինանսական մեծ միջոցներ պահանջող հարցերի լուծման հեռանկարները դեռ չեն նշմարվում։

Փոքրիկ առևտրի կետ ունեցող վարչական ղեկավարը հացը 200 դրամի փոխարեն 180 դրամ է վաճառում, ասում է՝ հացի մեջ չի կարելի փող աշխատել, և անխղճություն է համարում ինքնարժեքից մի քանի անգամ ավելի գումարով գյուղացուն ուտելիք վաճառելը։

«Մեր խնդիրներից մեկն էլ պետական մակարդակով պետք է լուծվի, այն է՝ գյուղացու՝ դժվարությամբ ստեղծած մթերքը չի իրացվում նրան ձեռնտու գնով, կարճ ասած՝ գյուղացին իրեն պաշտպանված չի զգում։ Տանջվելով ստեղծում են, թանկ գնով անասնակեր, պարարտանյութ գնում, բայց արդյունքում միակ հաջողություն համարում վարկի մարումը», - մտահոգվում է վարչական ղեկավարը և հավելում՝ նոր կառավարության խոսքերի իրականացմանը հավատով են սպասում։ Ի դեպ, նա տարբեր տարիներին կառավարություն է դիմել Որոտանում պահածոների գործարան կամ պտուղ-բանջարեղենի մթերման կետ ունենալու համար․ «Մեր անտառներում այնքա՜ն բերք կա»։

Ավանդապաշտ Որոտանը

Արցախյան պատերազմի տարիներին գյուղի ինքնապաշտպանական ջոկատի շնորհիվ է նաև Լաչինի հետ սահմանն անառիկ պահվել, նրանք էին ուղեկցում Գորիս-Կապան-Գորիս ավտոշարասյունը և Երևան-Կապան-Երևան երթուղու ավտոբուսները՝ ապահովելով ուղևորների անվտանգությունը գնդակոծումներից և առևանգումներից։ 1990-ականների պատերազմին զոհվել է Արամ Հարությունյանը, 2016 ապրիլին՝ Նարեկ Մկրտչյանը։ Ամռան զորակոչին գյուղից երկու հոգի կմեկնի ծառայության, որոնց մաղթում ենք բարի ծառայություն, ինչպես վարչական ղեկավարը ասաց՝ հաղթանակ։

Այստեղ մարդիկ ապրում են պապերից ժառանգած ավանդույթները պահպանելով․ դրանք սրբություն են, չի կարելի խախտել, ինչքան էլ ժամանակները փոխվում են։ Կարճ ասած՝ ինչպես հասկացանք մեր այցից, կարգ կա, կանոն կա, չգրված օրենքներ կան․․․

Արմինե Հարությունյան

17:00 15.07.2018