ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Միայն թե հերոսների հիշատակը հնացած չհամարվի
19:00 15.07.2018

Միայն թե հերոսների հիշատակը հնացած չհամարվի

Զոհված ազատամարտիկ Արմեն Հայրապետյանը՝ շատերին քաջածանոթ Միկրոբը, հունիսի 17-ին կդառնար 55 տարեկան։ Ազատամարտիկի հայրը, ավանդույթը չխախտելով, որդու ծննդյան օրը անցկացրեց Արմենի ընկերների հետ. վերհիշեցին Միկրոբի կյանքի ամեն մի դրվագ, հպարտացան հերոսի սխրանքով ու կարոտեցին նրա հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյան:

«Արմենս կարճ կյանք ունեցավ, բայց հասցրեց այնքան պատմություն թողնել, որ ամեն անգամ մի նոր բան եմ լսում իրենից», - ասում է հերոսի հայրը: Որդու մասին պատմելիս միշտ էլ անսահման կարոտն ու ափսոսանքը խեղդել է Վաղարշակ Հայրապետյանին, իսկ մեկ տարի առաջ արված սրտի բաց վիրահատությունը ազատամարտիկի հորը ավելի ինքնամփոփ դարձրեց: Հանեց խնամքով պահված որդու մասին պատմող տպագիր մամուլում հրապարակված տասնյակ հոդվածները ու դողացող ձայնով նշեց. «Այն, ինչ պետք է պատմեմ, այս թերթերում գրված են, Միկրոբի սխրանքների մասին բազմիցս է խոսվել: Սակայն վերջերս  մտավախություն եմ ունենում, որ ժամանակը մոռացության է մատնում մեր հերոսներին՝ նրանց կյանքն ու գործունությունը հնացած համարելով: Այսօր դուք կրկին հույս ներշնչեցիք ինձ, շնորհակալ եմ, որ դեռ հիշում եք նրանց և  ուրախ եմ, որ որդուս զոհաբերած կյանքն ապարդյուն չեղավ»:

Հետախույզ Միկրոբի հերսական ուղին

1979թ․ Բաքվում զարմիկի հարսանիքի ժամանակ հրավիրված ադրբեջանցիները վիրավորական արտահայտություններ թույլ տվեցին հայերի հասցեին, և այդ միջոցառմանը ներկա 16-ամյա Արմենը, չկարողանալով վիրավորանքը կուլ տալ, մոտակա ցանկապատից մի ճաղ է պոկում և սկսում հարվածել ադրբեջանցիներին: Իրենց տան հարևանությամբ գտնվող ադրբեջանական դպրոցի տղաներն անբարո պահվածք են դրսևորում հայ աղջիկների նկատմամբ: Այդ մասին իմանալով՝ Արմենը միայնակ ծեծում է բոլոր լկտիներին:  «Արմենը մանկուց էլ, անգամ խաղաղ պայմաններում, երբ մենք ադրբեջանցի հարևաններ ունեինք, չկարողացավ լեզու գտնել նրանց հետ․ չէր հանդուրժում անարդարությունը, անգամ մի փոքր վիրավորանքը իր ազգի նկատմամբ կռվի առիթ էր դառնում», - հիշում է հայրը: Արմենը ընտանիքի միջնեկ տղան է, միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումում: Այն ավարտելուց հետո մեկնել է ծառայության, այնուհետև վերադարձել ու աշխատանքի անցել ավտոնորոգման գործարանում, որպես փականագործ: Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, 26-ամյա Արմեն Հայրապետյանը, թողնելով երիտասարդ կնոջն ու անչափահաս երեք աղջիկներին, մեկնում է ռազմաճակատ: «Հանգիստ եղեք, քանի ես կամ, թուրքը Կապան չի մտնի». հաճախ էր Արմենը այսպես պատասխանում իրենց բակի ծերերին, երբ վերջիններս փորձում էին տեղեկություն իմանալ ռազմաճակատից: 1990թ․ հոկտեմբերին Երևանում վերապատրաստվելուց հետո Արմենը ծառայության անցավ Կապանում նոր ստեղծված ոստիկանության հատուկ ջոկատում, այնուհետև նշանակվեց հետախուզական ջոկատի հրամանատար: Հետախույզ Արմենի գիտելիքների ու ճարպկության շնորհիվ հայկական կողմին հաջողվել է թշնամու նենգություններին արժանի պատասխան տալ, շատերին ազատել գերությունից: Համարձակ էր, խիզախ, օժտված արագ կողմնորոշվելու ունակությամբ: Վտանգավոր առաջադրանքի մենակ էր գնում՝ զինակից ընկերների կյանքը չվտանգելու համար: Ընկերները հետախույզին Միկրոբ մականունով կնքեցին, և այդ անունը լսելիս անգամ սարսռում էր թշնամին: Նրանց հրամանատարությունը Արմենի գլխի համար մեկ միլիոն ռուբլի էր խոստացել:

1992թ․ դեկտեմբերի 10-ին Զանգելանում (այժմ՝ Կովսական) սկսվեց մեծամասշտաբ հարձակում: Ծանր մարտերում Միկրոբի ջոկատի տղաները զոհվեցին, իսկ ինքը վիրավորում ստացավ, սակայն անգամ այդ վիճակում քարայրից գնդացրով կանխում էր թշնամու առաջխաղացումը: Երբ Արմենի զինամթերքը վերջացավ, թշնամին շրջապատեց քարայրը: Մի քանի րոպե հետո լսվեց ուժեղ պայթյուն: Արմենը նռնակով պայթեցրեց իրեն՝ հետը տանելով նաև քարայրին մոտեցած թուրք զինվորներին: Քաջարի հետախույզը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Պատերազմը այս ընտանիքից երկու կյանք խլեց

Արցախյան պատերազմին մասնակցել են Հայրապետյան ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ Վաղարշակ Հայրապետյանը, երեք որդիները՝ Արթուրը, Արմենը և Մարտիրոսը: Կրտսեր որդին՝ Մարտիրոսը, արցախյան հերոսամարտի տարիներին սովորում էր Ռուսաստանի Դաշնության Տոլյատիի բարձրագույն զինվորական ուսումնարանում: Սակայն այդպես էլ կիսատ մնաց ուսումը, չնայած հաջողությունների հասնելու մեծ հեռանկարներ ուներ: Չլսելով հրամանատարության բազմաթիվ խնդրանքները՝ ուսումը կիսատ թողեց և 1993թ․ վերադարձավ Կապան: Զոհված եղբոր վրեժը լուծելու համար կամավոր անդամագրվեց ինքնապաշտպանական ջոկատին ու մեկնեց ռազմաճակատ: Հորը հեռագրեց, որ ռազմաճակատում է, և չանհանգստանան իր համար: Արդեն մեկ որդուն կորցրած զինվորի հայրը չգիտեր ՝ ինչպես գոնե Մարտիրոսին հեռու պահեր պատերազմից։ Գնաց որդու մոտ՝ նրան համոզելու հետ վերադառնալ, բայց նրան չհաջողվեց ու մենակ վերադարձավ: «Գալուց առաջ տղաներին խոստացա, որ պատերազմը վերջանալուց հետո Մարտիրոսին պսակելու եմ, սակայն այդպես էլ չեկավ որդիս, այլ բերեցին», - զինվորի հայրը չկարողացավ զսպել արցունքները:  Մարտիրոս Հայրապետյանը զոհվեց 1994թ․ ապրիլի 23-ին Հորադիզում, 22 տարեկան էր: Ընկերները Մարտիրոսի գրպանից գտել էին նրա հուշատետրը, որտեղ վերջին մակագրությունը մահվանից մի քանի ժամ առաջ էր արված. «Եղբորս վրեժը լուծեցի. 3-ին սպանեցի, սպասում եմ հաջորդին»։ Ցավոք, հաջորդը ինքը եղավ: Որդու անունը վառ պահելու համար Վաղարշակ Հայրապետյանը ավագ որդու՝ Արթուրի տղայի անունը Մարտիրոս կնքեց: Նա այսօր ծառայում է ՀՀ զինված ուժերում:

Անցյալն է ապրեցնում, ոչ թե  ներկան ու ապագան

Վաղարշակ Հայրապետյանն ապրում է  ավագ որդու ընտանիքի հետ, համեստ կենցաղ է վարում, որդին  աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում:  Կինը՝ տիկին Նորան, մահացավ 2009թ․: Զինվորների հայրը 7 թոռ ունի, 5 ծոռ. ուրախությամբ է պատմում թոռների հաջողությունների մասին, փորձում նմանություններ գտնել ծոռների ու որդիների միջև: «Արմենիս 3 աղջիկներն ուսում են ստացել, ու այսօր յուրաքանչյուրը իր ընտանիքն է ստեղծել, մեծ աղջկա՝ Օվսաննայի տղան Արմենիս անունն է կրում», - հպարտությամբ ասում է Վաղարշակ Հայրապետյանն ու ափսոսանքով ավելացնում, որ որդին չհասցրեց տեսնել զավակների ու թոռների մեծանալը, ուրախանալ նրանց հաջողություններով: Հայրենիքի փրկության համար մարտիրոսված 2 զավակի հայրը արդեն 81 տարեկան է, բայց այդպես էլ չկարողացավ ապրել ներկայով, նրան անցյալն է  ապրեցնում. որդիների հուշերով է սնվել ու փորձել ապագան ևս համեմել անցյալով: 

Ասում է՝ ժամանակին բազմաթիվ պարգևներ ստացավ, որպես հերոս տղաների հայր, շատերը խոնարհվեցին, սակայն նրա համար միայն մեկ պարգևատրում կա, որ երբեք չխամրի իր որդիների փառքը, ովքեր իրենց ծաղկուն կյանքը դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին:

Արփինե Հարությունյան

19:00 15.07.2018