ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում»
15:00 16.07.2018

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում»

Այս գրությունը հաճախ կարելի է տեսնել խանութներում: Սովորական թվացող այս արտահայտությունը իրազեկ մարդու համար օրենքի խախտում է:

Իսկ որոշ խանութներում, չնայած նրան, որ նմանատիպ գրություն փակցված չէ, այնուամենայնիվ, «իրենց ներքին օրենքներով» նույնպես հետ չեն ընդունում որևէ պատճառով գնորդի չհավանած ապրանքը:

Այս խնդիրը մայրաքաղաքում մարզի համեմատ ավելի լավ վիճակում է, քանի որ այնտեղ գոնե բրենդային ապրանքանիշի խանութներում օրենքը գործում է (իհարկե, այստեղ ևս կան բացառություններ):

Իրազեկ և պաշտպանված, կամ անիրազեկ և

Կապանում մի քանի խանութում փորձեցինք պարզել իրենց ներքին քաղաքականությունը տվյալ հարցի վերաբերյալ, և շատերի պնդմամբ՝ ապրանքի վերադարձը հնարավոր է առավելագույնս երկու օրվա ընթացքում, այն էլ՝ միայն նախնական պայմանավորվածությամբ։

Գնորդներից շատերի խոսքով՝ արդեն սովոր են Կապանի «օրենքներին» և ոչինչ փոխել չեն փորձում: Այդ իսկ պատճառով որևէ իր գնելիս անպայման նախնական պայմանավորվածություն են  ձեռք բերում: Իսկ մի մասը ընդհանրապես տեղյակ չի նման օրենքի առկայության մասին: Նրանք էլ, ովքեր տեղյակ են, հանդիպելով նման իրավիճակի, ոչինչ անել չեն կարողանում վերահսկող մարմին չգտնելու պատճառով: Երբեմն էլ մտածում են, որ մի քանի հազար դրամ արժողությամբ ապրանքի համար չարժե աղմուկ բարձրացնել, առավել ևս՝ դիմել դատարան: Սակայն հարցված բոլոր գնորդներն էլ ցանկություն հայտնեցին, որ մի օր էլ Կապանում գործի այդ օրենքը, և ունենանք վերահսկող մարմին:

Օրենքի կետի համաձայն

Ըստ սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում (չհաշված գնման օրը) պատշաճ որակի ապրանքը հետ հանձնել, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել: Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:

Ակնհայտ է, որ կապանյան մի շարք խանութներում գնորդին նույնիսկ դրամարկղային կտրոն չի տրվում, բայց սա խնդրի մյուս կողմն է:

Սեփական փորձով

Պարզելու համար, թե ինչպես են մեկնաբանում խանութում ապրանքը հետ չընդունելը (գովազդից կամ հակագովազդից խուսափելու համար խանութի անվանումը չենք նշում), գնեցինք դիմահարդարման պարագա, որը հաջորդ օրը փակ վիճակում փորձեցինք վերադարձնել: Վաճառողուհին պատճառաբանեց, որ նա պարզապես վաճառողն է, և  նրան հրահանգել են ապրանքը հետ չվերցնել: Նրանից փորձեցինք ճշտել խանութի տնօրենի հեռախոսահամարը հարցը պարզելու համար, բայց ասվեց, որ տնօրենը քաղաքից դուրս է, իսկ հեռախոսահամարը տալու իրավունք չունի:

Պարզաբանում է մասնագետը

Ինչպես վարվել այսպիսի դեպքերում և ինչպես պաշտպանել սեփական շահերը՝ պարզաբանեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն  Պիպոյանի հետ:

«Խանութում ապրանքը հետ չընդունելու դեպքում սպառողը կարող է հարցը լուծել դատարանի օգնությամբ կամ էլ դիմել մեր կազմակերպությանը, և մենք կփորձենք լուծել խնդիրը», - նշեց նա:

Իսկ հարցին, թե ինչու մինչև հիմա որոշ խանութներում կան փակցված նման գրություններ, հկ նախագահը պատասխանեց․ «Խանութը կարող է պատճառաբանել, թե գրությունը վերաբերում է սահմանված որոշ ապրանքների: Այս պահին վերադարձի կամ փոխանակման ենթակա ապրանքների կոնկրետ ցանկ չլինելու և այն դեռ վերանայելու պատճառով ստույգ տեղեկատվություն տալ հնարավոր չէ»:

Ինչպես պարզվեց, օրենքի դաշտում ևս կարգավորումների խնդիր կա: Ինչևէ, եղե՛ք իրազեկ, քանի որ դա ձեր պաշտպանված լինելու երաշխիքն է: Նաև հետագայում ծագող խնդիրների լուծման հնարավորություն ունենալու համար գնումներ կատարելու ժամանակ անպայման պահանջե՛ք դրամարկղային կտրոն:

Սոնա Օհանջանյան

Լուսանկարը՝ yerevan.today

15:00 16.07.2018

Ամենաշատ ընթերցվածները