ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կայարանում սպասում են
17:00 17.07.2018

Կայարանում սպասում են

Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: 

…Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է:

Քոնը խիղճ չի, խեղճություն է:

Հրանտ Մաթևոսյան

«Մեծ տղաս 23 տարեկան է, աղջիկս՝ 18, էս մեկը՝ 11, էս մյուսը՝ 10, կողքիս նստածը՝ 7, էն գնդակով խաղացողը՝ 12, քո կողքինը՝ 14, իսկ փոքրս՝ 3 տարեկան», - ժպիտով պատմում է Օլգա Գրիգորյանը:

Ընտանիքն ապրում է Մեղրի համայնքի Արաքսաշեն (Կայարան) բնակավայրում: Օլգան ընտանիքի հետ 1988թ. Բաքվից տեղափոխվել է Հայաստան, ապրել Ալվանք գյուղում, ապա ամուսնացել Արաքսաշենում: Բազմազավակ մայրը՝ կյանքով, էներգիայով լի այս կինը, չի ընկճվում ճակատագրով իրեն բաժին հասած դժվարություններից, չի խուսափում աշխատանքից:

Աշխատում է Մեղրու կոմունալ տնտեսությունում, հավաքարար է, ամուսինը՝ ջրային տնտեսությունում: Պատմում է, որ ստացած գումարը չի բավականացնում, մի կերպ բավարարում է սննդին ու դպրոցականների առօրյա ծախսերին: «Մեծ տղաս արդեն հեռացել է երկրից, Ռուսաստանում է աշխատում. չդիմացավ այս տան վատ պայմաններին, դժվարություններին, զրկանքներին: Աղջիկս ավարտել է դպրոցը, հնարավորություն չունենք ո՛չ ուսման տալու, ո՛չ էլ մի արհեստի, բայց ուզում է Մեղրու քոլեջում սովորել: Անչափահաս մյուս տղաս այսօր տանը չէ, վուլկանացում է սովորում-աշխատում, ծախսել է ուզում․ հեծանիվ, հեռախոս, ես էլ հնարավորություն չունեմ», - պատմում է Օլգան:

Տունը, որտեղ մեր զրույցն էր կայանում, մութ էր ու խոնավ, խունացած, պատռված վարագույրը ննջասենյակի համար ծառայում է որպես դուռ, միասին քնում է հինգ երեխա:

Օլգան նեղվում է տան պայմաններից, իսկ ավելի ուշ նշում, որ անգամ տան սեփականության վկայական չունի և ուղղակի ստացել է իր հետ գաղթած հայրենակցից, ով վաղուց մահացել և տունը թողել է իրեն: Մեղրու համայնքապետարանի կողմից անվճար հիմունքներով տրված 13 պարկ ցեմենտը ծառայել էր նպատակին․ փոքրիշատե ամրացվել էր տան մի նախամուտքը, վարկի միջոցով ձեռք էր բերել կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաներ, տեխնիկա, մշակում է փոքրիկ հողատարածք, սնունդն  առնում է հարևան իրանական շուկայից՝ առավել ցածր գնով. «Վատ եմ զգում, երբ ինձ համարում են խեղճ, ես բազմազավակ եմ, ունեմ շատ-շատ խնդիրներ, չունեմ տուն։ Ընդամենը այս կիսավեր կացարանն է, բայց ես խեղճ չեմ, ես ամեն ինչ անում եմ, որ երեխաներս ուտելիքի կարիք չունենան, նրանք սոված չեն եղել երբևէ, տեսեք այս արկղերը, բավականին ուտելիք ունենք, սոված չենք», - մատնացույց անելով միջին չափսի մի թեթև արկղ՝ ինձ է դիմում Օլգան:

Արտադպրոցական կրթություն չի կարողանում ապահովել, երեխաներն ուզում են կարատե, պարի խմբակ հաճախել, բայց չի հասցնում բոլորի պահանջները բավարարել: Սոցիալական աջակցության բոլոր ծրագրերում Մեղրու համայնքապետարանը ներառում է այս ընտանիքը, բայց մերժել է տուն տրամադրելու հարցում՝ բյուջեն նման հնարավորություն այս պահին չունի: Օլգան տուն ստանալու համար ժամանակին դիմել է Սերժ Սարգսյանին, օրերս նամակ է գրել նաև նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

- Մարիա՜մ, Սուրի՜կ, Սմբատին ու Յուրիկին տուն բերեք, Հրա՜նտ, հեծանիվը նե՛րս բեր, Մարգարիտա՜, Լիլին կեղտոտվել է, աղբյուրի մոտ տա՛ր… Լավ, ճանապարհե՛ք հյուրերին, տո՛ւն եկեք բոլորդ…

 Տու՞ն, թե՞ հողաշեն, խոնավ կացարան….

Մարիամ Ծատրյան

17:00 17.07.2018