ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեղրիում և Ագարակում ծորակներից ցեխաջուր է գալիս
18:20 17.07.2018

Մեղրիում և Ագարակում ծորակներից ցեխաջուր է գալիս

Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ համայնքների բնակիչներն ահազանգում են՝ ծորակից ցեխաջուր է գալիս: Նրանք տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերի իրենց էջերում: Ըստ քաղաքացիների, պատճառը անբարեկարգ վիճակում գտնվող ջրատար խողովակներն են:

Պարզելու համար, թե ինչն է ծորակից կեղտոտ ջուր գալու պատճառը, ինչպես նաև իմանալու, թե խնդիրը լուծելուն ուղղված ինչ քայլեր են ձեռնարկվում,  Panorama.am-ը  դիմեց  «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանն ասաց՝ խնդրին ծանոթ չեն, պատճառների մասին ոչինչ ասել չեն կարող:

Սոցցանցում հրապարակված տեսանյութերից մեկի հղումը Panorama.am-ն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել է ընկերությանը:

Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ Դիլիջանում էլ ծորակներից կեղտոտ, խմելու համար ոչ պիտանի ջուր  է գալիս:

Հիշեցնենք, որ ընկերության աշխատանքի մասին նախօրեին դժգոհություն էր հայտնել նաև վարչապետ Փաշինյանը. «Վերջերս ես հանդիպում ունեցա ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ, անկեղծ ասած, բավականին լուրջ խոսակցություն տեղի ունեցավ, և ես ասացի, որ բազմաթիվ վերապահումներ ունենք իրենց գործունեության վերաբերյալ, և հույս եմ հայտնել, որ ընկերությունը լրջորեն կվերանայի իր գործելակերպը ՀՀ-ում»:

Աղբյուր՝ Պանորամա

18:20 17.07.2018