ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նոր քաղաքապետի գլխացավանքը
17:00 19.07.2018

Նոր քաղաքապետի գլխացավանքը

2016թ. սեպտեմբեր. Կապան քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ Արթուր Աթայանը (ՀՅԴ), Աշոտ Հայրապետյանը (ՀՀԿ) և Արթուր Մարտիրոսյանը (ԲՀԿ): Ամեն ինչ ստանդարտ էր՝ խոստումներ, խոստումներ, խոստումներ: Կուզենայի առանձնացնել մի հանգամանք, որը ժամանակին նշել էր երկաթե լեդին՝ Մարգարետ Թետչերը. «Իրական ազատությունը սկսվում է ֆինանսական ազատությունից»: Այդ ժամանակ հարց տվեցի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին՝ Կապան քաղաքի բյուջեի տնօրինման մասին: Քաղաքապետը մեղմ ժպտաց ու ասաց, որ Կապանի բյուջեի 90%-ը ծախսվում է աշխատավարձերի վճարման համար, քաղաքի զարգացման համար փաստացի մնում է միայն 10%-ը: Ասել, որ ապշած էի, կնշանակի չասել ոչինչ: Ինչպե՞ս կարելի է լինել քաղաքապետ և լուծել բազմաթիվ խնդիրներ բյուջեի միայն 10%-ով: Իհարկե, բոլորի հույսը ներդրումային ծրագրերն են, բայցևայնպես, համաձայնե՛ք, սա աբսուրդ իրավիճակ է:

Այո՛, այս արատավոր երևույթը գալիս է շատ վաղուց, և արդեն դժվար է ասել, թե ով է հիմնադիրը: ՏԻՄ կառույցները քննադատողները նշում են, որ սա շատ հարմար է ընտրությունների համար: Կապանի քաղաքապետարանի 1500 աշխատակցից ամեն մեկն ունի քվեարկության իրավունք ունեցող առնվազն չորս բարեկամ, իսկ Կապանի համար 6000 ձայնը պատկառելի թիվ է: Մյուս կողմից՝ այս մարդկանց գործից հանելը նույնպես վտանգավոր է: Մարզկենտրոնում շատերի համար քաղաքապետարանում աշխատելը ապրուստի միակ միջոցն է: Այնպես որ, Կապանի հարգելի՛ նոր համայնքապետ, հիշի՛ր, հիմա արդեն ոչ միայն Կապանի խնդիրներն են քո ուսերին, այլ նաև ջրազուրկ և տրանսպորտազուրկ հարակից բնակավայրերի խնդիրները, որոնք լուծելու համար Ձեզ անհրաժեշտ են ոչ թե «миллион, миллион, миллион алых роз», ինչպես Ալլա Պուգաչովայի երգում, այլ միլիոնավոր դրամներ՝ այս գլխացավանքների տակից դուրս գալու համար:

«Զանգեզուր պրես»

 

17:00 19.07.2018

Ամենաշատ ընթերցվածները