ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սկսածը շարունակել է պետք
18:00 19.07.2018

Սկսածը շարունակել է պետք

Հուլիսի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրած Կապանի արդեն նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանը այդ օրը համայնքապետարանում հավաքվածների ներկայությամբ նշեց, որ այդ քայլին դիմում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով. «Պատճառը մեկն է, պիտի ասեմ, որ իմ պատկերացումները համայնքի ղեկավարի անելիքների, ծրագրածը իրագործելու, ինչպես նաև համայնքի զարգացման տեսլականը և մեր քաղաքացիների ունեցած պատկերացումը տարբեր են»։

Հիշեցնենք, որ Աշոտ Հայրապետյանը առաջին անգամ Կապան համայնքի ղեկավար է ընտրվել 2012թ․ սեպտեմբերի 9-ին, 2016թ․ հոկտեմբերի 2-ին՝ վերընտրվել, իսկ 2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է Կապան խոշորացված համայնքի ղեկավար:

2015թ. Կապանը ճանաչվել է «Լավագույն քաղաքային համայնք», 2016-ին՝ «Լավագույն մշակութային քաղաք», 2015թ․, ըստ «Համազգային վստահություն» խորհրդի «Վստահության վարկանիշ-2015» անվանակոչման արդյունքների, Ա․Հայրապետյանը «Տարվա քաղաքապետ» մրցանակի է արժանացել։ Իսկ այս ժամանակահատվածում կատարված աշխատանքների, անավարտ մնացածի մասին՝ ստորև։

Նախ՝ թվերով

2016թ․ ներկայացրած հաշվետվության մեջ նշվում է, որ 2013-16թթ․Կապանի համայնքային բյուջեն աճել է 32,8%-ով կամ 1․33 անգամ։ Եթե 2012թ. այն եղել է 973 մլն  540 հազար 600 դրամ, ապա 2016-ին՝  1 մլրդ 297 մլն 2 հազար 400 դրամ: 2017թ․ հաշվետու տարում Կապան համայնքի բյուջեով կանխատեսվել էր շուրջ 1 մլրդ 579 մլն 499 հազ․ դրամ բյուջետային եկամուտների ստացում, որի դիմաց փաստացի հավաքումը կազմել է 1 մլրդ 541 մլն 367 հազ․դրամ՝ ապահովելով կանխատեսված ցուցանիշի 97,6%-ը:

2012թ. սեփական եկամուտները ըստ պլանի եղել են 382 մլն 288 հազար 400 դրամ, փաստացի հավաքվել է 289 մլն  880 հազար 500 դրամ, իսկ 2016թ. սեփական եկամուտները՝  394 մլն 629 հազ․ դրամ, 4 տարում աճը՝ 3,2 %-ով:

Այդ 4 տարվա ընթացքում ՀՀ պետբյուջեից համայնքում, ըստ առաջնահերթության, իրականացվել են 526 մլն 150 հազար դրամ արժողությամբ աշխատանքներ, որոնց մեջ են մտնում քաղաքի որոշ փողոցների ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների, Ա․Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի, թիվ 13 ՆՈՒՀ-ի վերանորոգում, Դ․Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճի հիմնանորոգում, Կավարտ գետի հունի մաքրումն ու ափերի լվացումը (վերջինիս համար՝ շուրջ 46 մլն դրամ)։

Տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցով 2013-16թթ․ իրականացվել է շուրջ 1 մլրդ 407 մլն դրամի ներդրում։ Ամենախոշոր ներդրումներն իրականացրել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և այն ժամանակ «Դանդի փրիշս մեթալս Կապան» (ներկայիս՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատ) ՓԲ ընկերությունները։ Այդ ժամանակահատվածում, սակայն, ըստ տարիների ներդրումների դինամիկան փոփոխական է․ 2013-ին՝ մոտ 482 մլն, 2014-ին՝ մոտ 173 մլն, 2015-ին՝ մոտ 684 մլն, 2016-ին՝ մոտ 70 մլն դրամ։ Ընդ որում պետք է նշել, որ ամենախոշոր ներդրումը կատարել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն 2014-ին՝ Շինարարների թաղամաս տանող ճանապարհի նորոգման համար՝ տրամադրելով 262 մլն դրամ, 2015թ․՝ 540 մլն դրամ՝ հանրապետությունում երկրորդ լուսաձայնային էֆեկտներով շատրվանների կառուցման համար։ Տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանի ստեղծման համար 2015-ին «ԴՓՄԿ»-ն տրամադրել է 40 մլն դրամ (ծրագրի ընդհանուր արժեքը՝ 76,3 մլն դրամ)։

Իրականացվել են նաև քաղաքի կանաչապատման, բարեկարգման, մայթերի նորոգման, լուսավորության բարելավման և մի շարք այլ աշխատանքներ։

Հայտնի է, որ համայնքային բյուջեի 90%-ը աշխատավարձերի վճարմանը տրամադրելով և առանց տարբեր կազմակերպությունների խոշոր ներդրումների հնարավոր չէ քաղաքում, էլ չենք ասում խոշորացված համայնքում, թեկուզ փոքրածավալ աշխատանք կատարել։

Չավարտածի մասին

Համայնքում շարունակում է բարձր մնալ գործազրկության ցուցանիշը։ Չնայած դրան՝ այստեղ, օրինակ, ցեմենտի վերամշակման գործարանի կառուցման հարցը շարունակում է օդից կախ մնալ․ կապանցիները նախընտրում են աշխատանք չունենալ և այստեղ չմեծացնել բնապահպանական ռիսկերը։ Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում ծանոթանում ենք տրիկոտաժի (մինչև 1000 աշխատատեղի ապահովում), պլաստիկ թափոններից շինանյութ ստանալու գործարանների հիմնման, գյուղական բնակավայրերում տնտեսական զարգացման ապահովման և մի շարք այլ ծրագրերի։

2014-ին Կապանի մշակույթի կենտրոնի շենքի վերակառուցման աշխատանքների մեկնարկի ժամանակ շենքի ամրացման և այլ աշխատանքներ իրականացնելու համար «ԶՊՄԿ»-ն տրամադրել է 95 մլն դրամ (խմբ․՝ շինաշխատանքների կատարման նպատակով կնքվել է եռակողմ պայմանագիր պատվիրատուի՝ Կապանի քաղաքապետարանի, կապալառուի` «ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ՍՊԸ-ի եւ ֆինանսավորողի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։ Աշխատանքների գումարի չափը նախնական ավելի քան 280 մլն դրամ էր կազմում)։ Փաստ է, որ այդ աշխատանքները կիսատ են մնացել, բայց «ԶՊՄԿ»-ի ղեկավարությունը չի հրաժարվում պայմանագրից և համայնքային նոր իշխանությունից ակնկալում է նախագծի վերջնական մշակում և աշխատանքների շուտափույթ ավարտ։

Շարունակվում է 2014-2019թթ․ համար նախատեսված «Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Դ» մասնաշենքի վերակառուցումը ՆՈՒՀ-ի․ կատարվել են ուժեղացման աշխատանքներ՝ 20,5 մլն դրամի չափով, նախատեսվում է տարվա ընթացքում ևս 24 մլն դրամի աշխատանք իրականացնել: 2018-2021թթ․ գումարը կազմում է 135 մլն դրամ, 43 մլն դրամը՝ 2018թ․ համար, որից 19,5 մլն դրամը՝ համայնքի բյուջեից, իսկ 22,5 մլն դրամը՝ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ից։

Համայնքի միջոցներով վերանորոգվում են մի շարք գյուղերի գրունտային ճանապարհները (ծրագրի արժեքը՝ 65 մլն դրամ), հուլիսի 1-ի դրությամբ վերանորոգվել են Ն.Խոտանան, Տավրուս, Եղեգ և այլ գյուղեր տանող գրունտային ճանապարհները՝ մոտ 32 մլն դրամ, բայց դեռևս մի շարք այլ գյուղերի գրունտային ճանապարհների ընթացիկ նորոգման համար չկան ֆինանսական բավարար միջոցներ։ Շատ բնակավայրեր շարունակում են ունենալ խմելու, ոռոգման ջրի, տրանսպորտային երթուղու, մշակութային կենտրոնների նորոգման, քանդված ճանապարհների և մի շարք այլ խնդիրներ, որոնց լուծման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Այնպես որ նորանշանակ համայնքի ղեկավարը շատ անելիքներ ունի այստեղ, իսկ նոր իշխանություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի․․․

Ինչ չտեսանք

Գուցեև այս հատվածում տեղ գտած տեսակետները չհամընկնեն շատերի կարծիքին, բայց Կապանում այս տարիներին չտեսանք մեծ փառատոներ, մշակութային հարուստ տոնակատարություններ, երիտասարդության կյանքի աշխուժացում, մարդկանց մեծ ոգևորություն ու նշանակալի նախաձեռնություններ։ Չնայած զբոսաշրջության խթանման վերաբերյալ մի շարք քննարկումներին, բայց այդպես էլ Կապանը չդարձավ տարածաշրջանի զբոսաշրջության կենտրոններից մեկը։ Հիմա կասեք՝ Գորիսն ունի ճոպանուղի, Տաթևի վանք, ճոճվող կամուրջ, Սիսիանը՝ Զորաց քարեր, Շաքիի ջրվեժ, ես էլ կասեմ՝ Կապանն ունի Վահանավանք, Շիկահողի արգելոց, Խուտուփ լեռ, Հալիձորի բերդ և այլն։ Պարզապես չմատուցվեց քաղաքն այնպես, ինչպես հարկն էր, գուցե բացի հեռավորությունից ու ճանապարհի երկարությունից՝ այլ պատճառնե՞ր էլ կան։ Ասենք, օրինակ, զբոսաշրջիկների մի մասն էլ Գորիս է գալիս թթի, ոչխարի խուզի փառատոներին մասնակցելու․․․ Եզրակացությունը թողնում եմ ձեզ։

Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակի նվազեցմանը, մայթերի ու ճանապարհների, տանիքների ու վերելակների նորոգմանը, դրանք, ինչպես արդեն նշեցինք, համայնքային բյուջեի միջոցներով հնարավոր չէ միանգամից կարգավորել, և համայնքի ղեկավարը ով էլ լիներ, դժվար թե կարողանար շատ լուրջ փոփոխություններ անել․․․

Արմինե Հարությունյան  

18:00 19.07.2018

Ամենաշատ ընթերցվածները