ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Քաջարանի վաշտի խորհրդավորը
19:00 19.07.2018

Քաջարանի վաշտի խորհրդավորը

Աշոտ Հրանտի Ալեքսանյան

Կենսագրական

Աշոտ Հրանտի Ալեքսանյանը ծնվել է 1967թ. հուլիսի 18-ին Վերին Հանդ գյուղում, էքսկավատորավար Հրանտի և փորձագետ Ժենյայի բազմազավակ ընտանիքում: Վեց երեխաներից ամենափոքրը Աշոտն էր, ունի երեք քույր և երկու եղբայր: 1984թ.ավարտել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 1995թ․, զինվորական ծառայության է անցել Խորհրդային Միության զինված ուժերում: 1987թ. վերադարձել և աշխատանքի է անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտի մեխանիկական արտադրամասում՝ որպես խառատ: 1991թ. կամավորական ջոկատի անդամ էր: 1992թ. անդամագրվել է Քաջարանի վաշտին ու ծառայել մինչև դեկտեմբերի 24-ը: 1989թ. ամուսնացել է Հերմինե Խաչատրյանի հետ, ունի երկու դուստր:

Մասնակցել է 1992թ. դեկտեմբերի 10-ի ընդհանուր հարձակմանը, Ճակատենի, Ղազանչու ինքնապաշտպանական մարտերին, դեկտեմբերի 24-ին Կապանի շրջանի Ագարակ գյուղի ազատագրմանը, որի ժամանակ էլ զոհվել է: Պարգևատրվել է Արիության մեդալով:

Հատված Արտեմ Վարդանյանի «Գիրք անմահաց» գրքից

Խաղաղ՝ առօրյա կյանքում, կատաղի՝ մարտադաշտում: Մարդու մտածող տեսակ էր նա, լռակյաց էր ու մշտապես լսում էր առավել, քան խոսում. սա նրա առանձնահատկություններից էր: Մարտական կեցվածքին վայել՝  հստակ գիտեր՝ ինչու է մարտադաշտում. եկել էր մահանալու հանուն հայրենիքի:

1992թ. դեկտեմբերի 24-ին՝ ցրտաշունչ մի գիշեր, տագնապ հայտարարվեց վաշտում: Վաշտի տղաները  վայրկենական շարվեցին: Առաջադրանքը շատ լուրջ էր. Ագարակ գյուղում թուրքերն արդեն վխտում էին՝ շտապել էր պետք: Աշոտը, սովորության համաձայն, լուռ էր, մինչդեռ տղաները մեքենայում կատակում էին: Ահա հասան տեղ: Մարտը սկսվեց գյուղի վերին մասից: Պայքարն անզիջում էր: Մենք առավել կատաղի էինք, ինչին ազերիները չէին սպասում: Աշոտը համառորեն պայքարում էր, կարծես մի ողջ ժողովուրդ իր մեջ էր մտել. նրա հրազենը չէր լռում: Միայնակ կարողացավ մի ողջ ջոկի հեռացնել դեպի կիրճը: Հետո շարժվեց այլ ուղղություններով, բայց ահա անսպասելիորեն խոցվեց:

Վաշտի խորհրդավորը

Քաջարանի վաշտի լեյտենանտ Հովիկ Մարգարյանի խոսքով՝ Աշոտը նախ մարտական կեցվածք ուներ, ինչն արդեն առանձնահատուկ էր: Մեր վաշտի ամենախորհրդավորն էր: Համեստ էր անպատմելի: Բոլորիս միշտ հետաքրքիր է եղել, թե ինչու էր Աշոտը միշտ լուռ, ինչ էր այդքան մտածում: Բայց զգում էինք, որ ներսում պայքար կա, կռիվ կա, ձգտում կա հասնել խաղաղ ու գունավոր ապագայի: Եվ դրա համար էր մարտի դաշտում: Զենքին հստակ տիրապետում էր, իսկ դրա անսարքությունը խնդիր չէր առաջացնում, քանի որ Աշոտը վերականգնում էր: Բավականին պարտաճանաչ էր, եթե  հրահանգ կար ժամը ութին որևէ հատվածում լինել, ինքն արդեն նախապես այնտեղ էր լինում: Մարտերի ժամանակ իրեն կազմակերպված էր դրսևորում, շատ անզիջում էր հակառակորդի հանդեպ: Տղաներ կային վաշտում, որ մեր դաժան առօրյան փորձում էին մի փոքր աշխույժ դարձնել իրենց կատակներով. Աշոտը այդ տղաներից չէր, բայց գիտեինք, որ յուրաքանչյուրիս համար չէր խնայի կյանքը:

Ընտանիքն այսօր

Ազատամարտիկ Աշոտ Ալեքսանյանի ընտանիքը Քաջարանում ապրում է համեստ պայմաններում: Այրին՝ տիկին Հերմինեն, աշխատում է ԶՊՄԿ մեխանիկական արտադրամասում՝ որպես ժապավենավար: Կրտսեր դուստրը՝ Գայանեն, նույնպես կոմբինատում է աշխատում՝ ցրիչ: Ավագ դուստր Աննան ամուսնացած է և երկու դուստր ունի: Աղջիկները, ինչպես նշում են, չեն հասցրել շփվել հայրիկի հետ, սակայն իրենց համար հայրը տան և հայրենիքի հերոս է:

«Մայրս և տատս մշտապես պատմել են հայրիկի մասին, - ասում է Գայանեն, - ես էլ էի հաճախ հարցնում, ես էլ էի ուզում, որ հայրիկս ինձ համար կոնֆետ գներ։ Հիմա եմ հասկանում՝ որքան մոտ էր նա մեզ, ու առանց նրան տեսնելու որքան էինք կարոտում: Պատմել են նաև, որ թաց հագուստով է գնացել մարտի, չի համբերել, որ չորանա, հազիվ է հասել մեքենայի հետևից»:

«Ամուսանացա առանց ամուսնուս լիարժեք ճանաչելու, բայց մեր համատեղ կարճատև կյանքը աննկարագրելի լավ անցավ, - ասում է Հերմինեն։ - Աշոտը ռոմանտիկ էր, գինին բարձր էր գնահատում, Ամանորին՝ պարտադիր պայման: Նոր տարվա համար գինի գնած եկա տուն ու լսեցի նրա մահվան լուրը»:

Տիկին Հերմինեի խոսքով՝ Աշոտը հպարտ բնավորություն ուներ։ Սիրում էր սեփական քրտինքով ու վաստակով ինչ-որ բան ձեռք բերել: Աչքը կուշտ էր, քաղցած էլ լիներ, երբեք չէր բողոքի: Հաճախ էր կրկնում, որ ոչ ոք պարտավոր չէ իմանալ, թե դու քաղցած ես, քեզ ոչ ոք պարտական չէ։

«Այսօրվա պես հիշում եմ այն դառը հայացքը, երբ ասացի, թե ինչու ոմանց պես կռվից չի եկել «ավարով»՝ ընկույզ, ծածկոց․․․ Երկար լուռ նայեց ու պատասխանեց՝ հարամ թիքեն իմ տուն չեմ բերի»:

Մի քիչ հուզված տիկին Հերմինեն խոսեց անտարբերությունից. «Հիմա կարծես այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում ազատամարտիկների ընտանիքներին: Խոսքս վերաբերում է  երկրապահ կամավորներին, ազատամարտի կոմիտեի անդամներին: Ես շահամոլ մարդ չեմ, նախկինում մեկ զանգն անգամ ոգևորում էր, իսկ հիմա դա էլ չկա: Հուսադրող է, երբ թեկուզ չնչին ուշադրություն են դարձնում»:

Մոտ մեկ տարի է՝ չեն այցելում գերեզման: Քանի որ եղբայրական գերեզմանը անորոշ ժամկետով կիսաքանդ վիճակում է, կարողանում են հասնել միայն տարածք․ «Շատ ցանկալի կլիներ այդ հարցը լուծվեր, որ կարողանայինք այցելել ամուսնուս շիրմաքարին»։

Իսկ ընտանիքի տիկնոջ ամենամեծ երազանքն է, որ Գայանեն ստանա բարձրագույն մանկավարժական կրթություն, ինչին ձգտում է նաև Գայանեն․․․

Անուշ Միրզոյան

19:00 19.07.2018