ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
13:00 20.07.2018

ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները

Հուլիսի 15-ին ՀԲԸՄ հրավերով Միացյալ Նահանգներ կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում Հայաստանում Փաշինյանի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Մանհեթենում հանդիպել է  ՀԲԸՄ համայնքի անդամների հետ՝ բաց երկխոսություն վարելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀԲԸՄ մամուլի ծառայությունից։

Ելույթ ունեցողների թվում էին Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը։

Երեկոյի հիմնական թեման այն էր, թե ինչպես կարելի է իրական գործակցության և գործընկերության ոգով վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները՝ նախկին բարեգործական մոտեցումների փոխարեն: Հարաբերությունները պետք է ձևավորվեն որպես հավասար գործընկերություն, որը կբնութագրվի ոչ միայն ֆինանսական մասնակցությամբ, այլև գիտելիքների փոխանցմամբ ու փորձի փոխանակմամբ:

Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե սփյուռքի ներկայացուցիչները ինչպես կարող են «երկրի զարգացման հարցը իրենցը համարել՝ որպես ներդրողներ, տեխնիկական խորհրդատուներ և արդյունաբերության ոլորտի մասնագետներ՝ միաժամանակ իրենց համարելով համաշխարհային հայ քաղաքացիներ, ում ինքնությունը նոր թափ կստանա քաղաքացիական պարտավորություններ ստանձնելու արդյունքում»: Ինչպես մասնակիցներից մեկը ձևակերպեց՝ «Սփյուռքահայերը պետք է հավասար խաղացողներ լինեն»:

Երեկույթի ընթացքում ներկայացվել են հստակ առաջարկություններ՝ խրախուսելու համար սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես իրականացնելը՝ հատուկ շեշտադրելով բարձր տեխնոլոգիական նորարարությունների ասպարեզում առկա հսկայական ներուժը: Առաջարկություններն ամփոփվեցին և տրամադրվեցին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին, որպեսզի վերջինս ձևավորի գործընկերության օրակարգը և այն ներկայացնի Երևանում որոշումներ կայացնող համապատասխան ատյաններին:

Միջոցառումից հետո ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը գոհունակություն է  հայտնել փոքր խմբով երեք ժամ տևած բովանդակալից զրույցի ընթացքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: 

Աղբյուր՝ Պանորամա

13:00 20.07.2018

Ամենաշատ ընթերցվածները