ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ալիսը, փոքրերը և մեծերը
18:00 25.07.2018

Ալիսը, փոքրերը և մեծերը

Պարզվում է՝ երազներն էլ են շատ բան սովորեցնում։ Միայն թե պետք է պատրաստ լինել խելացի երազ տեսնելուն։ Ալիսը պատրաստ էր։ Առաջին «նախապայմանը» իրականության միակերպությունն է․ յոթ և կես տարեկան աղջիկը ձանձրանում է քրոջ կողքին՝ գետի ափին, և ցանկանում է աշխարհը տեսնել բոլորովին ուրիշ՝ սովորականից տարբերվող գույներով։ Հենց այդ ցանկությունն է նրան տանում այլ աշխարհներ։ Դժվար է հստակ ասել՝ Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» և «Ալիսը Հայելու աշխարհում» հեքիաթները ավելի շատ փոքրե՞րն են կարդում, թե՞ մեծերը։

Հրաշապատում հեքիաթի բոլոր կանոններով ստեղծված այս գրվածքներում գլխապտույտ են առաջացնում ոչ միայն գործողությունները, այլև խոսքերը։ Հրաշքների աշխարհում գործող անձինք շատ են՝ թագավոր, թագուհի, զանազան փոքրիկ թռչուններ, գազաններ, խաղաթղթերի ամբողջ կապուկ։ Ալիսի համար սկզբում ամեն ինչ այնքան անսովոր է, որ չգիտի ինչպես պահել իրեն, փորձում է ավելի խելացի երևալ․ «Տեսնես ո՞ր լայնության և երկայնության վրա եմ գտնվում։ - Ալիսը գաղափար անգամ չուներ, թե ինչ բան է լայնությունը, և ոչ էլ գիտեր երկայնության մասին, սակայն մտածեց, որ նման բառերի օգտագործումն իրեն պատիվ է բերում»։

Հրաշքների աշխարհում էլ ամեն ինչ ունի իր կանոնները։ Նաև խաղը։ Իսկ Ալիսին առայժմ առաջ է մղում միայն հետաքրքրասիրությունը։ Նա դեռ չգիտի, թե ով է ինքը, ինչ ուտում կամ խմում է, անմիջապես փոխվում է․ կարճանում կամ երկարում է։ Թերևս իր «ես»-ն է որոնում․ «Ես․․․ Ես չգիտեմ, թե ով եմ ես հիմա, պարո՛ն։ Ես միայն գիտեմ, թե ով էի այսօր առավոտյան, բայց այնքան շատ եմ փոխվել առավոտից ի վեր»։

Հետաքրքրասիրությունից բացի՝ Ալիսին առաջ է տանում զարմանքը։ Ամենից շատ նրան ապշեցնում է Չեշիրյան Կատուն, որ հայտնվում է հանկարծակի և նույնքան հանկարծակի էլ անհետանում։ Զիջելով աղջկա խնդրանքին՝ Կատուն որոշում է դանդաղ անհետանալ՝ սկսելով «պոչի ծայրից մինչև ժպիտը, որը մնաց բավական ժամանակ նրա անհետանալուց հետո»․ «Ես շատ եմ տեսել կատու՝ առանց ժպիտի, բայց ժպիտ՝ առանց կատվի՝ երբեք։ Դա ամենահետաքրքիր բանն է, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում, - եզրակացրեց Ալիսը»։

Աստիճանաբար գալիս է հասունանալու պահը։ Ալիսին հասկացնում են, որ «ժամանակը տանել չի կարող, երբ վատնում են իրեն»։ Եվ ահա նա կարողանում է դատարանում պաշտպանել ինքն իրեն․ «Դուք ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, - բղավեց Ալիսը (նա արդեն իր նախկին հասակն էր ընդունել), - դուք խաղաթղթերի մի կապուկ եք և ուրիշ ոչինչ»։

Հրաշքների աշխարհը տեսած Ալիսը առանց երևակայության իր կյանքն այլևս չի պատկերացնում։ Երբ մի օր քրոջն առաջարկում է պատկերացնել, որ իրենք թագավորներ ու թագուհիներ են, վիճաբանություն է ծագում․ «Քույրը ճշմարտախոս աղջիկ էր․ ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ իրենք միայն երկու հոգի են։ Բայց և այնպես Ալիսը չուզեց տեղի տալ․ «Դե լավ, դու կլինես նրանցից մեկը, իսկ ես՝ մնացածը»»։

Հայելու միջով անցնելուց հետո աղջիկը հասկանում է, որ այդտեղ գործում են շախմատի կանոնները։ Ինքն էլ է ցանկանում մասնակցել խաղին թեկուզ որպես զինվոր, բայց գերադասում է Թագուհի լինել։ Ուրեմն նպատակը ութերորդ քառակուսի հասնելն է։ Սա դեպի կատարելություն տանող ճանապարհն է, որ անհնար է պատկերացնել առանց զարգացման և, իհարկե, առանց արագության։ Միայն բարի լինելն էլ բավական չէ, պետք է նաև ուժեղ լինել։ Սա էլ Արքան է սովորեցնում։

Շախմատի կանոնները հասկանալի են, բայց Հայելու աշխարհն էլ իր տրամաբանությունն ունի, որ անհնար է անտեսել։ Ալիսը թխվածքները կտրում է, որ հյուրասիրի, բայց չի ստացվում․ թխվածքների կտորները նորից են միանում։ Իսկ ժամանակն անցնում է։ Ի վերջո, նրան հասկացնում են, որ դրանք Հայելու թխվածքներն են, ուրեմն պետք է նախ հյուրասիրել, հետո կտրել։ Այն, ինչ հիմարություն և անհեթեթություն էր թվում, սկսում է իմաստավորվել, քանի որ Ալիսին բացատրում են ամենակարևորը․ «Սա է հակառակ ձևով ապրելու հմայքը, - մեղմ բացատրեց Թագուհին, - դրանից սկզբում մարդու գլուխն ուղղակի պտտվում է․․․»։

Ալիսին նաև մտածել են սովորեցնում։ Սև Թագուհին նույնիսկ չի թաքցնում դժգոհությունը․ «Ի՞նչ ես կարծում, ու՞մ են պետք չմտածող երեխաները։ Նույնիսկ կատակը պետք է իմաստ ունենա, իսկ երեխայի խոսքը կատակից ավելի կարևոր է»։

Լուիս Քերոլը կասկածի տեղ չի թողնում․ հարուստ երևակայություն ունեցող և մտածել կարողացող Ալիսը Հրաշքների ու Հայելու աշխարհներով անցնելուց հետո պատրաստ է ապրելու ցանկացած աշխարհում, և իրականության գորշությունը նրան երբեք չի ձանձրացնելու և չի խեղճացնելու։

Արթուր Իսրայելյան

18:00 25.07.2018

Ամենաշատ ընթերցվածները